ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը Վայոց Ձորի մարզում էր՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
«Դեսպանը հանդիպեց Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»,- հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
«Դեսպան Քվինն այցելեց Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու քաղաքի ունեցած խնդիրներին ու առկա հնարավորություններին։ Նա հանդիպեց համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի տեղակալի հետ և տեղի գործարարների հետ քննարկեց տեղական տնտեսության ու զբոսաշրջության հետ կապված հարցերը։ Դեսպան Քվինը տպավորված էր գեղեցիկ բնաշխարհով ու բնության գրկում ժամանցի ուշագրավ հնարավորություններով, որոնց շնորհիվ Ջերմուկը հայտնի է որպես սիրված զբոսաշրջային ուղղություն»,- հայտնում են դեսպանատնից։