Քաղաքական

«Գլխավոր խաղացողների հայտարարությունները պետք է ընկալել տարածաշրջանում ներգրավված մնալու շարժառիթներով». Գանտահարյան

«Գլխավոր խաղացողների հայտարարությունները պետք է ընկալել տարածաշրջանում ներգրավված մնալու շարժառիթներով». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Լաչինի միջանցքի հարցը քննարկվեց ՄԱԿ ԱԽ նիստում։ Ո՞րն է այս նիստում քննարկման կարևորությունը, և ի՞նչ է տալիս սա հայկական կողմին։

- Թույլ տվեք միջին արևելյան դիտանկյուններից փորձել վերլուծել ՄԱԿ ԱԽ-ի նիստը։ Մենք սովոր ենք հետևել ՄԱԿ-ի տարբեր ձևաչափերով քննարկվող՝ Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, պաղեստինյան հարցի և նման տագնապահար երկրների վերաբերող մարդասիրական, անվտանգային իրավիճակների հաղթահարման համար անցկացվող նիստերին, որոնցից հայտարարություններ, կոչեր և բանաձևեր դուրս կգան, սակայն գետնի վրա բեկումնային իրադարձություն չի գրանցվի․ սա երկարատև պրոցեսի մասին է խոսում։ Խնդիրը շեշտակիորեն քաղաքական պահի հասունացման հետ է պայմանավորված, և դրա համար ակնկալությունների առաստաղի աստիճանաչափը չպետք է բարձր լինի։ Երբ կհասունանա քաղաքական պահը, այդ դեպքում ՄԱԿ-ի համապատասխան որոշումները կանցնեն գործնական փուլ։ Տեսնում եք, որ անգամ արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը չի իրականացվում, և դրա համար միջազգային հանրությունը գործնական քայլի չի գնում։ Չկա զուտ իրավականություն․ կա իրավաքաղաքականություն։ ՄԱԿ-ի կոչերը իրականացնելու տեսանելի, գործնական փուլը կլինի, երբ կսկսեն գործադրել պատժամիջոցային քաղաքականություն։

- Ի՞նչ հետևանքներ կունենա ՄԱԿ ԱԽ քննարկումը։

- ՄԱԿ-ի ԱԽ-ը երկրորդ անգամն է, որ հրավիրում է արտակարգ նիստ։ Արցախի հարցի միջազգայնացման համար երկու կարևոր հանգամանք կա․ խնդրին մարդասիրական տարողություն հաղորդելը, բայց մանավանդ՝ միջնորդական կամ երաշխավորման աշխարհաքաղաքական մրցապայքարը։ Երկրորդը հատկապես խոսում է այն հավանականության մասին, որ գործընթացը երկարատև է լինելու։ Իսկ ժամանակի ձգումը հայկական կողմի համար նպաստավոր է, որովհետև Ադրբեջանը շտապում է և անդադար ճնշում։ Զուտ մարդասիրական բնույթի վրա կենտրոնանալը շեղում է հակամարտության էությունը, և Բաքուն առիթավորվում է՝ ընդգծելով, որ եթե օժանդակության տեղ հասնելն է առաջադրվածը, ապա մարդասիրական օգնությունը կարող է Արցախ հասնել Աղդամի ճանապարհով, ինչը զուտ Ադրբեջանի առաջ քաշած համարկումի քաղաքականության հետ է աղերսված։ Այս միտումը կարող է հանգել ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներգրավմանը, ինչը Վաշինգտոնում և Բրյուսելում հնչել էր տարբեր առիթներով։

- Օրերս հանրայնացվեց Սերգեյ Լավրովի առաջարկած փաստաթուղթը՝ «Հայ բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներ և պարամետրեր նախկին Ադրբեջանական ՍՍՀ ԼՂԻՄ տարածքում՝ համապատասխան Ադրբեջանի օրենսդրությանը»։ Ի՞նչ կարծիք ունեք այս փաստաթղթի վերաբերյալ, ի՞նչ ռիսկեր կան այստեղ։

- Պաշտոնական Մոսկվայի հայտարարությունները, կարծում եմ, պետք է դիտարկել ՌԴ-ի համար կարևորագույն հանգուցակետի իրողության սահմաններում։ Մոսկվան մի կողմից փորձում է միջնորդի կարգավիճակը չզիջել այլ միջազգային գործիքակազմերի, մյուս կողմից՝ ապահովել իր խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգումը։ Սրանք են հիմնական երկու գերակա ուղղությունները Մոսկվայի արցախյան քաղաքականության մեջ։ Դրա համար էլ հայտարարությունները պետք է լինեն այնպիսին, որ Ադրբեջանը չխոչընդոտի այս երկու ուղղությունների իրականացումը։

- Ադրբեջանը շարունակաբար մեծացնում է ագրեսիվ պահվածքը․ անգամ կրակեց ԵՄ առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ։ Ըստ էության, Ադրբեջանին ոչինչ չի կաշկանդում։ Ինչու՞ ԵՄ առաքելության ներկայացուցիչները ոչ միայն համարժեք գնահատական չտվեցին, այլև սկզբում նույնիսկ հերքեցին, թե իրենց պատասխանատվության գոտում կրակոց է եղել։

- Ադրբեջանը լավ էլ գիտակցում է, որ քաղաքական պահը չի հասունացել՝ իր դեմ միջազգային կոչերն ու հայտարարությունները գործնապես իրականացնելու։ Գիտակցում է, որ այս պահի դրությամբ Ուկրաինայի պատերազմը, Մոսկվա-Անկարա՝ թեկուզ լարված գործակցությունը և նավթային իր գործարքները երաշխավորում են իր անպատժելիությունը Արցախի ուղղությամբ կիրառած գործողությունների դիմաց։ Այն ուժերը, որոնք չեն պատժում Ադրբեջանին, չեն էլ թողնում, որ միայն Ադրբեջանի ճշտած խաղի կանոններով հանգուցալուծվի արցախյան հակամարտությունը։ Փաստորեն առ այս պահը ոչ «զանգեզուրյան միջանցք»-ն է բացվել, ոչ սահմանազատումն է իրականացվել, ոչ էլ Բաքվի խմբագրած խաղաղության պայմանագիրն է ստորագրվել։ Արցախյան խնդիրը աշխարհաքաղաքական ներգրավվածություն ունի, ինչը խոսում է երկարատևության մասին։
ԵՄ-ի ներկա պահվածքը պետք է ընկալել այս հանգամանքներով․ փաստահավաքագրողներն ու կարիքների ուսումնասիրողները չեն կարող պատժել Ադրբեջանին, չեն էլ ուզում՝ ներգրավված մնալու համար գործընթացում։ Սակայն համաձայնությունների հանգելու ուղղությամբ զուգահեռ գործընթացներով մրցում են Ռուսաստանի դեմ՝ իրենց քայլերը համակարգելով Վաշինգտոնի հետ։

- Արդյո՞ք այս դիպվածը կասկածի տակ չի դնում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության անաչառությունը։ 

- Անաչառությունը քաղաքական կատեգորիա չէ․ տարածաշրջանում գործընթացներին ներգրավված մնալու և գործոնացումի շարժառիթներով պիտի ընկալել գլխավոր խաղացողների հայտարարությունները, քայլերը, հայտարարությունների ելևէջները։ Եվ այս առումով էլ ԵՄ-ն բացառություն չի։

Հայկ Մագոյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական