Քաղաքական

Հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող․ Արարատ Միրզոյանը՝ Բելգիայի ԱԳ նախարարին

Հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող․ Արարատ Միրզոյանը՝ Բելգիայի ԱԳ  նախարարին

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով ԼՂ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները։ ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում` հղի կանանց, տարեցների, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար իրավիճակի սրությունը` նշելով, որ նրանք զրկված են անհրաժեշտ դեղորայքից և բժշկական աջակցությունից: 

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար և անխափան գործունեության ապահովման կարևորությանը:

Նախարար Միրզոյանն շեշտել է, որ համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող. Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ ԼՂ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր: 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և Բելգիայի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական