Քաղաքական

«ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է». Դավիթ Տոնոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է». Դավիթ Տոնոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ՍՈւ-30 կործանիչների գնման հարցին։ Ըստ նրա, կործանիչները հնարավորություն էին տալու հեռավորության վրա և ճշգրիտ խոցել հակառակորդի միջոցներն ու ենթակառուցվածքները։

Նա ասաց, թե ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը. «Իսկ սպառազինության և ռազմական տեխնիկայի այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈւ–30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։ Մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների բաղադրիչի առումով զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որ ունեն ՍՈւ–30-ները` հեռավորության վրա, ճշգրիտ հրթիռներով խոցելու հակառակորդին, նրա միջոցներն ու ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել»։

Անդրադառնալով ՍՈւ–30-ների՝ մարտական թռիչքներ չիրականացնելու մասին հարցին, նա նշել է, թե նոյեմբերի սկզբին իրեն զեկուցել են, որ ՍՈւ–30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների մատակարարում իրականացվել է. «Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված գոնե սկզբնական փուլի մեկ–երկու օրվա մարտական գործողությունների վարման առումով հագեցվածություն ունեինք նաև այն հրթիռների, որոնք որ այսօր ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտած կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռներն օգտագործվել են նաև ՍՈւ-30–ների համար ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»։ 

Տոնոյանը նաև նշել է, որ ՍՈւ–30–ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմանները և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար. «Որպեսզի ձեռքբերումից հետո ՍՈւ 30–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք»։ 

Խոսելով կործանիչների ձեռք բերման ֆինանսական աղբյուրների մասին, նա շեշտել է, թեոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներով։ Թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, Տոնոյանը խոստացավ մանրամասնել փակ նիստում։

Հանձնաժողովում որոշվեց ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերմանն առնչվող մյուս բոլոր հարցերը քննարկել փակ նիստում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական