44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հիշեցրել է ռազմական գործողություններից օրեր առաջ իր և Սերգեյ Շոյգուի, Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի գլխ․ շտաբի պետերի հանդիպումների մասին և հետաքրքրվել՝ ՌԴ կողմից հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմի հավանականությունը փոքր է։
Հարցին ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանն ասաց․ «Եթե ունեք իմ հաշվետվություններն իմ հանդիպումների վերաբերյալ, այդ մասով կսահմանափակվեմ բովանդակային առումով»։
Տոնոյանը առաջարկեց հարցին անդրադառնալ փակ քննարկման ժամանակ, բայց բաց հատվածում մի քանի շեշտադրում արեց.
«Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը անցկացված Նախիջևանի զորավարժություններում F16-երի վերաբազավորում տեղի ունեցավ դեպի Գյանջա, ՆԱՏՕ-ի հետ երկարատև գործակցության իմ փորձը բոլորիս՝ գլխավոր շտաբին և ինձ հուշեց, որ F16-երի տեղակայումն այնտեղ վարժանքի նպատակով չէ։ Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ՝ 6 ժամ, 8 ժամ գտնվում էին օդում՝ 25-45 կմ, անգամ ժամանակ առ ժամանակ այնպիսի մոտեցումներ էին լինում, որոնք ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, նշանակում էր՝ ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա։ Այսինքն, մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ներկայացրեց Տոնոյանը՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանից սկսած իր և ՌԴ պաշտպանության նախարարի 3 հանդիպում է եղել։
«Այո, չսադրվելու և սառնասրտություն ցուցաբերելու խնդրանք կար մեզ, որը հնարավորինս բավարարվել է։ Ամեն դեպքում, F16-ի խոցումը ՊԲ-ի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր արվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- ասել է նա։