Քաղաքական

Ղարաբաղի մոտ 120 000 բնակիչները հումանիտար ճգնաժամի մեջ են. ԵԽ պատգամավորներ

Ղարաբաղի մոտ 120 000 բնակիչները հումանիտար ճգնաժամի մեջ են. ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

«Խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտատարությամբ ստանձնած և Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր կատարման ենթակա որոշումների խախտմամբ, Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակից։

Գրեթե ութ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կրում է շրջափակման հետևանքները՝ գոյատևելով միայն տեղական արտադրության և հիմնականում Կարմիր Խաչի կողմից կենսական հումանիտար պարագաների մատակարարումների շնորհիվ։ Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը նաև մարդասիրական մատակարարումների համար փակելը հանգեցրել է առաջին անհրաժեշտության սննդամթերքի, կենսական նշանակության բժշկական ապրանքների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեֆիցիտի։ Միևնույն ժամանակ վառելիքի պակասը խաթարել է նաև տեղական արտադրության և բաշխման գործընթացը։ Կարմիր խաչի կողմից բժշկական տարհանումը նույնպես խափանվել է։ Լեռնային Ղարաբաղի մոտ 120 000 բնակիչները հումանիտար ճգնաժամի մեջ են, ինչը պահանջում է միջազգային հանրության հրատապ ուշադրությունը։

Մենք լիովին աջակցում և միանում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի 2023 թվականի հուլիսի 26-ի հայտարարությանը։ Մենք դատապարտում ենք մարդասիրական մատակարարումների շարունակական արգելափակումը և հումանիտար հասանելիության քաղաքականացումը, ինչն էլ ավելի է սրում առանց այն էլ սոսկալի իրավիճակը տարածաշրջանում։ Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը անջատ է Լաչինի միջանցքին առնչվող իր ունեցած պարտավորություններից, որոնք պետք է հարգվեն։ Մարդասիրական օգնության մուտքը տարածաշրջան պետք է թույլատրվի, և ցանկացած խոչընդոտ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Լրացուցիչ երթուղիների բացումը միայն խրախուսելի է, բայց դա առանձին խնդիր է, որը պետք է փոխհամաձայնեցվի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների շրջանակներում։

Մենք լիովին աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող հակամարտության և ընթացիկ ճգնաժամի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին։ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ երկու կողմերը, այլ հրատապ հարցերի հետ մեկտեղ, պայմանավորվել են դյուրացնել մարդասիրական օգնության հասանելիությունը տարածաշրջան՝ մարդկային տառապանքը մեղմելու նպատակով: Ցավոք, շարունակվող շրջափակումը հակասում է խաղաղ բանակցությունների նպատակին և վստահության ամրապնդման այնքան անհրաժեշտ ջանքերին:

Վերահաստատում ենք Եվրոպական խորհրդարանի՝ 2023 թ․ մարտի 15-ի կոչը Եվրոպական Խորհրդին՝ «Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարելու դեպքում թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ»։ Հիշեցնում ենք նաև, որ Եվրոպական խորհրդարանի 2023 թվականի հունիսի 13-ի լիագումար նիստի ժամանակ ԵՄ բարձր ներկայացուցիչը պարտավորվել է Խորհրդում բարձրացնել նման պատժամիջոցների կիրառման հարցը։ Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին անհապաղ դադարեցնել շրջափակումը և հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը՝ հումանիտար աղետը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական