«ԶՈւ վիճակը բավարար էր՝ Հայաստանի և ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման առումով»,- հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ վիճակում է ընդունել բանակը։
Ըստ նրա՝ Հայաստանի ԶՈւ-ն ի վիճակի է եղել իրենից 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունն ու բնագծերը, որտեղ ԶՈւ-ն գտնվում էր։ Նա շեշտել է, որ սա ոչ միայն իր, այլև այլոց կողմից փաստարկված գնահատական է։
Ըստ Տոնոյանի՝ այդ գնահատականը պատրաստականության աստիճանի մասին է. «Ես չեմ ասում՝ որն է եղել իրական վիճակը»։
Նա շեշտել է, որ կործանիչների կամ ԶՈւ ռազմական օդային ուժերի առումով հարաբերակցությունը եղել է 0. «Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել, և հիմնվում ենք միայն նախկին ԽՍՀՄ սահմանից եկող սպառնալիքների վրա՝ ՌԴ հետ համագործակցության, ՌԴ օդուժի կործանիչների հագեցվածության, կիրառման վրա»։
Նա անդրադարձել է նաև մոբիլիզացիոն ուժերի ներգրավմանը. «Մեր զորահավաքային ռեսուրսների ներգրավման մոտեցումը 1946-ից 60-ականների սկզբին ձևավորված մոտեցում է՝ տոտալ պատերազմ վարելու, այսպես ասած ամբողջ ներուժն օգտագործելու, օպերատիվ և ռազմավարական մեծ խորություններ, մեծ ժողովրդագրություն ունեցող պետության հայեցակարգ էր, որն ինքնաբերաբար ներդրվել էր ՀՀ ԶՈՒ-ն համալրելու և լրահամալրելու առումով։ Բայց իմ գնահատմամբ սա իրատեսական չէր»։