Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օրերս հանդիպեց Չինաստանի նորանշանակ ԱԳ նախարար Վան Յինին։ Այս փուլում թուրք-չինական հարաբերություններն ի՞նչ ազդեցություն կարող են թողնել տարածաշրջանի վրա։
- Չեմ կարծում, որ տարածաշրջանում նոր առանցքի ձևավորման ուղղությամբ կարևոր երևույթ է Թուրքիա-Չինաստան հարաբերությունների ներկա դինամիկան։ Անկարան փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականության վեկտորները և այս հանդիպումը այդ համատեքստում կարելի է դիտարկել։ Պեկինը շատ զգուշավոր և հավասարակշիռ ու դանդաղ քայլերով է ընթանում։ Չինաստանը միանշանակ տնտեսական բևեռ է, բայց վաղ է ասել, որ այն ռազմաքաղաքական բևեռ է։ Չինաստանը ունի թուրանական էթնիկ ազգաբնակչություն և այդ առումով նա շատ ավելի զգուշավոր է Անկարայի հետ իր հարաբերություններում։
- Այս համատեքստում ակնառու էր նաև Վրաստանի վարչապետի այցը Չինաստան։ Տարածաշրջանի երկրների հետ Չինաստանի հարաբերությունները որքանո՞վ են մտահոգում Արևմուտքին ու Ռուսաստանին, և սա ինչի՞ կարող է հանգեցնել։
- Արևմուտքն ամեն ինչ կանի, որ Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքը չկայանա։ Բոլոր արբանյակ երկրները գիտակցում են այս մոտեցումը և ըստ այդմ անում իրենց քայլերը։ Ինքնուրույնություն փորձում են դրսևորել, բայց չեն հատում կարմիր գծերը։ Այս վարքագիծը շարունակվելու է։ Իսկ Չինաստանը նույն դանդաղությամբ կփորձի առավելություններ գրանցել։ Բայց դեռևս տեսանելի չէ մեծ առանցքը կամ նոր բևեռակենտրոնությունը։
- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արձագանքել է Լաչինի ճանապարհով բեռների տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ Ադրբեջանի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ Ձեր կարծիքով միջազգային հանրության արձագանքը հետևանա կունենա՞, և արդյո՞ք Ադրբեջանը կգնա Լաչինի միջանցքով հումանիտար բեռների անցկացմանը։
- Ժոզեպ Բորելի հայտարարությունը միջազգային հնչեղություն է գտել։ Բաքուն դժգոհ է, ամբողջ մարտավարությունը` Աղդամի ճանապարհով մարդասիրական օժանդակություն ուղարկելու` հանդիպեց համաեվրոպական պատնեշի կամ արգելակումի։ Բայց սա չի նշանակում, որ միջազգային ճնշումը՝ ճեղքելու ապաշրջափակումը, կիրականանա։ Դրականն այն է, որ Ստեփանակերտը լրիվ ապահովում է միջազգային իրավաչափական նորմերը աշխատելու՝ «ճանաչում հանուն փրկության» բանաձևով։ Պաշարված և պատանդված Արցախը միջազգային իրավաչափություններն ունի` պահանջելու Ադրբեջանի կազմից դուրս իր կարգավիճակը օրինականցնելու և լեգիտիմացնելու։
- Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե «խաղն ավարտված է», և անընդունելի են համարել Հայաստանից հումանիտար բեռների տեղափոխումը։ Առհասարակ, այս քայլով ի՞նչ հարց է լուծվում՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը կտրուկ մերժում է այս քայլը։
- Ադրբեջանը հայտնվում է առանձին միջազգային հանրության դիմաց։ Այս քայլով միջազգային ընտանիքն ունի խնդիր` միջամտելու և կանխարգելելու էթնիկ զտման պետական քաղաքականությունը։ Անվտանգության միջազգային երաշխիքների և գործիքակազմերի առաջադրանքները ավելի են հիմնավորվում։ Մեր դիվանագիտության ճիշտ աշխատելու դեպքում այս հարցով Բաքուն կարող է հայտնվել ինքնամեկուսացման մեջ։ Արցախի շրջափակումը կարող է վերափոխվել Ադրբեջանի այդ դիրքի մեկուսացմանը։
- Արդյո՞ք ռուսական կողմը կկարողանա Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը տեղափոխել Արցախ։ Հակառակ պարագայում ի՞նչ զարգացումների ականատես կլինենք։
- Շատ կարևոր դիտարկում արեցիք, և սա աշխարհաքաղաքական երաշխավորման և միջնորդավորման հանգույցի կարևոր մաս է։ Ռուսական խաղաղապահների առաքելության ազդեցիկությունն այս խնդրում թեական է։ Հավաքական Արևմուտքը կարող է նոր թափ հաղորդել միջազգային չեզոք գործիքակազմի ներգրավման առաջադրանքին, եթե ռուսական կողմին չհաջողվի մարդասիրական ճեղքում ապահովել պաշարված Արցախի ուղղությամբ։ Եվ դա կմեկնաբանվի խաղի կանոնների փոփոխության նոր նախաձեռնություն տարածաշրջանում։
Հայկ Մագոյան