Քաղաքական

Դեռ փոփոխություն չկա, շարունակում ենք սպասել ռուսական խաղաղապահ զորախմբի արձագանքներին. Մարուքյան

Դեռ փոփոխություն չկա, շարունակում ենք սպասել ռուսական խաղաղապահ զորախմբի արձագանքներին. Մարուքյան

Այս պահին դեռ փոփոխություն չկա, շարունակում ենք սպասել ռուսական խաղաղապահ զորախմբի արձագանքներին: Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ շուրջ 400 տոննա պարենամթերքի տեղափոխման խոչընդոտներին։

«Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնում։ 21-րդ դարում նմանատիպ դեպքեր եղել են, բայց սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է։ Այս իմաստով, մենք որևէ քայլ չկա, որ ասենք՝ չենք արել, որ դա չապացուցենք և դա շատ ակնհայտ է։ Դուք երեկ տեսաք, որ ԱԳ-նում հավատարմագրված բոլոր դեսպանները ուսումնասիրել են, տեսել են բեռները։ Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում։ Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են նոյեմբերի 9-ի ստանձնած մեր պարտավորություններին»,- ասել է Մարուքյանը։

Հարցին, թե այս նախաձեռնության մասին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հայտնե՞լ է, Մարուքյանը պատասխանեց, որ ոչ թե կոնկրետ այդ հարցն է բարձրացվել, այլ ընդհանրապես Լաչինի միջանցքի բացվելու հարցը։

«ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցերը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո։ Մեր նախարարը ոչ թե 360-400 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի, որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»,- ավելացրել է Մարուքյանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական