Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանին խրախուսելու փոխարեն երկխոսության համար պայմանների առաջադրումն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ է՝ հատկապես, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ձեր կարծիքով ադրբեջանական կողմի պնդումները որքանո՞վ են տեղին և հասկանալի միջազգային հանրությանը։
- Ադրբեջանը փորձում է խաղի կանոնները միակողմանի թելադրել։ Բացառապես վերաինտեգրման օրակարգ ասելով՝ տորպեդահարում է ամբողջ գործընթացը։ Այս առաջադրանքում Բաքուն առանձին է։ Թե՛ ՌԴ-ն, թե՛ ԱՄՆ-ը և թե՛ ԵՄ-ն անջատաբար ասում են, որ Լեռնային Ղարաբաղում կա կարգավիճակի, անվտանգության երաշխավորման և իրավունքների խնդիր։ Չնայած հավաքական Արևմուտքն ու Մոսկվան յուրովի են ընկալում և մեկնաբանում դա։ ՌԴ-ն վերջերս խոսեց ռուս խաղաղապահության շարունակության անհրաժեշտության մասին։ ԱՄՆ-ն արծարծում է միջազգային գործիքակազմի ներդրման մասին։ ԵԽԽՎ-ն անգամ ՄԱԿ-ի հաստատությունների ներգրավումն է առաջարկում։
- Նման հռետորաբանության պայմաններում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության իրականացումը կարծես ավելի մշուշոտ է դառնում։ Ձեր կարծիքով միջազգային հանրությունը կճնշի՞ Ադրբեջանին, որպեսզի ի վերջո տեղի ունենա այդ երկխոսությունը։
- Ճնշում կլինի, երբ միջազգային հանրությունը սկսի խոսել էմբարգոյի կամ պատժամիջոցային քաղաքականության մասին։ Այլապես դեկլարատիվ են բոլոր հայտարարություններն ու բանաձևերը։ Բաքուն անտեսում է Եվրոպայի ՄԻԴ-ի կամ միջազգային արդարադատության դատարանի որոշումները։ Ճնշումները կլինեն ազդեցիկ, երբ կորդեգրվեն պատժամիջոցներ։Դեռ այդ պահը չի հասունացել։
- Այս համատեքստում նկատենք, որ բրյուսելյան հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը խոսեց Աղդամով Ստեփանակերտ ճանապարհով բեռներ տեղափոխելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։ Այս ճանապարհի մասին բրյուսելյան հարթակից հայտարարելն ի՞նչ ռիսկեր է առաջ բերում Արցախի համար։
- Խնդիրը զուտ մարդասիրական ճգնաժամով ներկայացնելը վտանգներ է ներառում։ Ապաշրջափակումը պիտի պահանջել ցեղային զտումը կանխարգելելու համար։ Մարդասիրական տագնապը ներկայացնելով իբրև միջոց ցեղային զտման և ամբողջական հայաթափման։ Եթե միայն մարդասիրականի վրա կենտրոնացվի, այդ դեպքում Բաքուն մարդասիրական օժանդակություն ուղարկելու այլ ճանապարհ կառաջարկի, ինչին էլ կարձագանքի Բրյուսելը կամ որևէ այլ կենտրոն։
- Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում բրյուսելյան հանդիպումը՝ հաշվի առնելով, որ առանցքային հարցերում կան խիստ հակասական տարաձայնություններ և արդյոք գործընթացը հաջողելու շանսեր ու հնարավորություններ այդուհանդերձ ունի։
- Զուգահեռ գործընթացները միջնորդական առաքելության դիվերսիֆիկացման մասին է խոսում․ իսկ դա փաստ է, որ կլինեն հակասություններ և հակակշիռ գործընթացներ։ Այս բոլորը կբերի աշխարհաքաղաքական կոնսենսուսի բացակայության, որն իր հերթին` ստատուս-քվոյի ձգման։ Մինչ այդ տարածաշրջանում տեսանելի են որոշակի փոփոխություններ, հատկապես Մոսկվա-Անկարա հակասությունների դրսևորման առումով։ Խնդիրն այն է, որ հայկական կողմը այս ձգձգման արդյունքում ժամանակ պետք է շահի և չգնա միակողմանի զիջումների։ Իսկ սրան հակառակ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է։
Հայկ Մագոյան