Քաղաքական

Ավստրիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ

Ավստրիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ

Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Շալենբերգը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Վերջերս ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնք լարվածության թուլացման հույսեր են արթնացրել։ Ավստրիան նախկինում վճռականորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օգտին՝ կայունություն և անվտանգություն տանող ճանապարհին աջակցելու համար: Չնայած ՈՒկրաինայի վրա անհրաժեշտ ուշադրությանը, չպետք է անտեսել այլ պոտենցիալ թեժ կետերը: Այս մասին ասվում է Ավստրիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ես ուրախ եմ Եվրամիության ամուր հանձնառության և Վաշինգտոնում կայացած բանակցությունների համար։ Սա ճիշտ ուղղություն է, և ես հույս ունեմ, որ մի օր կայունություն և խաղաղության համաձայնագիր կլինի։ Սակայն դեռևս շատ բաց հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն։ Դրանց թվում է նաև հումանիտար մտահոգությունը, որը մեզ  շատ է անհանգստացնում․ խոսքը Լաչինի միջանցքի արգելափակման մասին է։ Այս արգելափակումը պետք է դադարեցվի»․- հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և հարևան այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին։ Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը էական մտահոգություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Վիեննան, անշուշտ, հասանելի է որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։ Վիեննան նախկինում իրեն ապացուցել է որպես երկխոսության և դիվանագիտության կենտրոն։ Բացի այդ, արտգործնախարար Շալենբերգը կարևորել է Վիեննայում տեղակայված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դերը Կովկասում և դրանից դուրս անվտանգության հարցերում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական