Քաղաքական

Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում, որին կհաջորդի փաստաթղթի ստորագրում․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում, որին կհաջորդի փաստաթղթի ստորագրում․ ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։

Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար բնականոն պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով։

ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգել և շարունակում է հարգանքով վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։

«Միևնույն ժամանակ դա չի չեզոքացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերի լուծման խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը՝ բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։

«Կքննարկվի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության թեման, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթն ստորագրելու համար»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է նաև, որ հանդիպումն անցել է փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական