Քաղաքական

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամների առաջարկները, Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, բացել Լաչինի միջանցքը. Հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Ըստ նրա, վեհաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում հաստատել է տարեկան փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը: Այն ներառում է քաղաքական և անվտանգային հարցերին, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների ու հումանիտար հարցերին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ լրացուցիչ բանաձևեր: Հայաստանի պատվիրակությունը քաղաքական և հումանիտար հարցերով բանաձևերում առաջարկներ է ներկայացրել: Վեհաժողովը դրանք ամբողջությամբ ընդունել է:

«Մասնավորապես՝ վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն բացել Լաչինի միջանցքը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ողջունում ու հորդորում է շարունակել բանակցությունները, նաև ողջունում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությունը՝ խաղաղության բանակցություններում: Կան անդրադարձներ նաև հումանիտար այլ հարցերի՝ ինչպես գերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանմանը և այլն»,-մանրամասնել է Սարգիս Խանդանյանը:

Նրա խոսքով, կոմիտեի հումանիտար հարցերի բանաձևում ևս կա պարբերություն, որը կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը՝ մարդկանց և բեռների անխախտ անցման համար. «Վեհաժողովի մշտական հանձնաժողովը որոշել է, որ հաջորդ՝ աշնանային նստաշրջանը կկայանա Երևանում՝ նոյեմբերին: Սա առաջին անգամն է, որ ՀՀ-ն հյուրընկալում է ԵԱՀԿ ԽՎ-ի հիմնական նիստերից մեկը: ԵԱՀԿ ԽՎ-ն ամենամեծ տարածաշրջանային խորհրդարանական հարթակն է, կան 57 անդամ երկրներ, և կարևոր է մեր կոնտեքստի համար, մեր իրականության մասին խոսելու համար, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները մեր գործընկերներին ներկայացնելու համար»։ 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական