Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ
- Անվտանգության խորհրդի քարտուղարը տարբեր հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում, և սա հաջորդել է ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան երկրորդ ռաունդին։ Հանդիպումները, ինչպես նաև սահմանին լարվածության աճն ինչ-որ գործընթացի մասի՞ն են խոսում։ Սա կապ ունի՞ բրյուսելյան հարթակում սպասվող բանակցությունների հետ։
- Կարծում եմ՝ ԱԽ քարտուղարի այցի շեշտը երկկողմ հարաբերությունների վրա է դրված։ Եթե հետևում ենք պաշտոնական հայտարարություններին և Արմեն Գրիգորյանի մեկնաբանություններին, նրանք շեշտը հիմնականում դրա վրա են դնում։ Սա ոչ թե խոսում է ինչ-որ գործընթացի մասին, այլ վաղուց սկսված գործընթացի մասին։ ԱԳ նախարարների հանդիպումն էլ է այդ գործընթացի մասը, որի նպատակը խաղաղության տեքստի համաձայնեցումն ու մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Սահմանային լարվածություններն, ամենայն հավանականությամբ, կապված են այդ բանակցությունների հետ։ Այսինքն, պարզ է, որ բանակցություններում դեռևս չլուծված հարցեր կան, և Ադրբեջանը մշտապես օգտագործում է ռազմական ճնշման այդ գործիքակազմն՝ իր համար նպաստավոր արդյունքների հասնելու համար։
- Միջազգային հանրության հայտարարություններում հաճախ նշվում է, որ իրենք հնարավոր են համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, Հայաստանն ու Ադրբեջանն էլ են հավանական համարում, բայց դրանք բոլորը դեկլարատիվ բնույթ են կրում։ Ինչու՞ է գործընթացը դոփում տեղում։
-Այո, նմանատիպ հայտարարություններ կան։ Նման հայտարարություններ հնչում են նաև Հայաստանի իշխանությունների կողմից, բայց լավատեսության համար լուրջ նախադրյալներ չկան։ Լավատեսություն ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր կարծում են, որ կստորագրվի այդ խաղաղության պայմանագիր։ Մի շարք առանցքային հարցերում դեռևս տարաձայնություններ կան։ Արմեն Գրիգորյանն իր վերջին հարցազրույցում խոսեց դրանց մասին։ Դրանք մինչ այդ էլ էին հայտնի։ Խոսքը Բաքու-Ստեփանակերտ միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծման, սահմանային հարցերի ողջ փաթեթի, պայմանագրի իմպլեմենտանցիայի գործընթացի, ապաշրջափակման և այլնի մասին է։ Այսինքն, բազմաթիվ խնդիրներ դեռևս կան, և ամեն ինչ կախված է լինելու այդ հարցերում կողմերի դիրքորոշումների մերձեցման գործընթացից։ Իմ ընկալմամբ՝ դեռևս բարդ է լինելու լուծումներ գտնել։ Խոսքս հատկապես վերաբերում է Ղարաբաղին առնչվող, ինչպես նաև սահմանային բլոկի մի շարք հարցերի։ Լավատեսական հայտարարությունները այս փուլում դեռևս անհիմն են։
- Միջազգային հանրության կողմից տեսնու՞մ եք պատրաստակամություն, որ Ադրբեջանին կստիպեն գնալ բանակցությունների, որովհետև կարծիքներ են հնչում, որ որևէ երկիր չի ցանկանում դեմ դուրս գալ Ադրբեջանին ու Թուրքիային։
- Ադրբեջանը մեծ հաշվով չի խուսափում Հայաստանի հետ բանակցություններից։ Նա օգտագործում է այդ բանակցությունները մաքսիմալիստական նպատակներին հասնելու համար։ Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ ձևաչափին, ապա այստեղ Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ շփումների գնալ, բայց՝ իր օրակարգով ու իր նախընտրելի ձևաչափով։ Այսինքն, փորձելու է հնարավորինս բացառել միջազգային ներգրավվածությունն այս գործընթացում և բանակցությունների ընթացքում քննարկել նաև ինտեգրման օրակարգը։ Միջազգային ճնշման մասով պետք է նկատել, որ այդպիսիք մինչ օրս չենք տեսել և դժվար էլ տեսնենք, որովհետև նույն Արևմուտքն այս փուլում պատրաստ չէ լուրջ լծակներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այդ առումով շատ բան կախված է լինելու Ադրբեջանի պահվածքից․ Ադրբեջանը փորձելու է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին, այդ թվում՝ ուժի կիրառման միջոցով։
- Կցանկանայի նաև՝ խոսեինք Ֆրանսիայի մասին։ ՌԴ-ն ու Ադրբեջանը դեմարշ են սկսել Ֆրանսիայի դեմ։ Բանակցային գործընթացում Ֆրանսիայի կարևորությունն այդքան մե՞ծ է, և Հայաստանի ակնկալիքներն ուճացված չե՞ն։
-Ֆրանսիայի մասնակցությունը բանակցություններին ձեռնտու չէ Ադրբեջանին, որովհետև Մակրոնի մասնակցությամբ բանակցությունները մինչ այսօր, կարծես, ամենաարդյունավետն են լինում։ Եթե ինչ-որ գործնական արդյունքներ ձեռք են բերվել վերջին մեկ տարում, դրանք հենց Մակրոնի ճնշման արդյունքում են եղել։ Խոսքը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն է վերաբերում։ Այդ առումով, իհարկե, Ֆրանսիայի մասնակցությունը որոշակիորեն զսպում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և ռեալ նոր խնդիրներ է ստեղծում։
Մոսկվայի պարագայում ամեն ինչ ավելի պարզ է։ Մոսկվան բացառում է ընդհանրապես որևէ արևմտյան ներգրավվածություն հայ-ադրբեջանական գործընթացներում, և Ֆրանսիան, այդ առումով, ոչնչով չի տարբերվում մյուս դերակատարներից, եթե իրավիճակին նայենք Մոսկվայի տեսանկյունից։ Այս հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի տեսակետներն ինչ-որ առումով համընկել են։ Այսինքն, տարբեր պատճառներով երկու կողմերն էլ չեն ցանկանում, որպեսզի Ֆրանսիան ակտիվություն ցուցաբերի այս ձևաչափում, և այդ է պատճառը՝ ինչու են նրանց դիրքորոշումներն այդքան մոտ։
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, այստեղ, այո, ակնկալիքները կառավարելու անհրաժեշտություն կա, հատկապես՝ հայկական կողմից։ Պետք է հասկանալ՝ ինչ ենք ցանկանում Ֆրանսիայից, Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնո՞րդ, թե դաշնակի՞ց։ Այս հարցերին պատասխանելուց հետո կարելի է արդեն որոշել, թե ինչ ձևաչափով համագործակցել ֆրանսիական կողմի հետ։
Հայկ Մագոյան