Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Ադրբեջանն ու Ռուսաստանը, կարծես, դեմարշ են սկսել Ֆրանսիայի դեմ։ Ըստ էության, երկու երկրներին էլ ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը։ Ֆրանսիայի դերը հակամարտության կարգավորման գործում որքա՞ն է կարևոր և արդյո՞ք ուռճացված չէ։
- Այս մասով նկատվում է շահերի համընկնում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև։ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անգործունյա վիճակը ենթադրում է Ֆրանսիայի դուրսմղում, որովհետև թե՛ ՌԴ-ն, թե՛ ԱՄՆ-ն արդեն իրականացնում են միջնորդական առաքելություն։ Ֆրանսիային փոխարինել է Բրյուսելը, որի կազմակերպած բանակցություններին պարագայաբար մասնակցում է Փարիզը։ Երեք անջատ ուղղություններով գնում են բանակցություններ։ Միաժամանակ, սակայն, դա առիթ է տալիս Փարիզին՝ ավելի հասցեական հնչեցնել իր մեղադրանքները և պահանջներով հանդես գալ Ադրբեջանի նկատմամբ։
- Հայաստանի ԱԽ քարտուղարը Վաշինգտոնում է։ Այս այցը հաջորդեց վաշինգտոնյան բանակցություններին։ Հաշվի առնելով երկրորդ ռաունդի՝ ոչ այնքան արդյունավետ լինելու հանգամանքը, ինչպե՞ս եք մեկնաբանում Արմեն Գրիգորյանի այս այցն ԱՄՆ։
- Ձեր նշած հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն՝ արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Սա ենթադրում է, որ աշխարհաքաղաքական օրակարգեր են եղել քննարկման սեղանին։ Երբ նշվում է «ավելի լայն արտատարածաշրջանային», դա ենթադրում է օրակարգի տարողունակություն․ թե ինչու է Վաշինգտոնը նման տարողունակություն հաղորդել քննարկման շրջածիրին, ուշագրավ է։ Հայաստանը դիտարկվում է իբրև ցատկահարթակ՝ տարածաշրջանում քաղաքականություն իրականացնելու համար։ Էներգետիկայի մասով ԱՄՆ-ն մի քանի անգամ պարզ դարձրեց, որ նպատակ ունի Հայաստանում կայացնել էներգետիկ անկախություն, ինչը համազոր է ՌԴ-ից կախված չլինելու՝ ամերիկյան քաղաքականությանը։
- Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի է սրվում։ Այս ֆոնին հայտարարվում է առաջիկայում բրյուսելյան հարթակում արդեն երկրի ղեկավարների մակարդակով հանդիպման մասին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Ադրբեջանը շտապում է, բայց դեռևս նրան չի հաջողվել հասնել իր նպատակներին։ Առ այս պահն իրենց փայփայած միջանցքը չկա, չկա սահմանազատման և սահմանագծման համաձայնություն։ Ադրբեջանը մերժում է նաև Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցային ձևաչափը և չի հաշտվում միջազգային գործիքակազմի ներգրավման գաղափարի հետ։ Այս բոլոր հանգամանքներից ելնելով՝ կրակում է, սպառնում և անվերջ համաձայնություն խախտում։ Սա Ադրբեջանի ավանդական վարքագիծն է։
- ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Արցախի նախագահ Հարությունյանի հայտարարությունը, թե ռուսական կողմն է խնդրել, որ Լաչինի երեք գյուղ ժամ առաջ հանձնվի Ադրբեջանին, պատասխանել է, որ չի ճանաչում նման պաշտոնյայի։ Սա ի՞նչ է նշանակում։
-Զախարովայի հայտարարությունը համազոր է հերքման և պաշտոնական Ստեփանակերտի չճանաչման։ Հերքումը գուցե նպաստավոր է հայկական կողմին, իսկ չճանաչումը՝ Ադրբեջանին։ Միջնորդի խաղի կանոնի կիրառում է ՝ հավասար հեռավորության սկզբունքի իրականացումով։
- Նման կերպ Ռուսաստանը կանաչ լույս չի՞ տալիս Ադրբեջանին, որ ամեն կերպ խուսափի Ստեփանակերտի հետ բանակցելուց։
- Մոսկվան չի համաձայնվելու Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի գործարկմանը մինչև այն պահը, երբ դա պայմանավորվում է միջազգային չեզոք երաշխավորությամբ, ինչը համազոր է ՌԴ-ի հակակշռմանը կամ ընդհանրապես դուրսմղմանը։ Եթե Ստեփանակերտ-Բաքուն լիներ միայն ռուսական միջնորդությամբ, այդ դեպքում ՌԴ-ն միանշանակ համաձայն կլիներ։ Դրանով էլ իմաստավորվում է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունները․ այսինքն, պայմանը միջազգային գործիքակազմի ներդրումն է։
- Խոսվում է Արցախում նոր էսկալացիայի հավանականության մասին։ Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ հնարավո՞ր է՝ նոր գործողություններ լինեն։
- Բաքուն փաստեց, որ նախաբանակցային, բանակցային և ետբանակցային ժամանակահատվածներում միշտ պատրաստ է էսկալացիայի։ Հայկական դիվանագիտությունն ու լոբբիստական համակարգը ադրբեջանական էսկալացիան լիարժեք օգտագործելու հրամայականի առաջ են կանգնած։ Միջազգային ընտանիքին պիտի ընդգծվի, որ Արցախը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում։
Հայկ Մագոյան