ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով «Հայաքվե»-ի ստորագրահավաքին, հայտարարել է, թե այն նվեր է Ադրբեջանին։
«Հիմա Ադրբեջանը ժանիքները սրած սպասում է և ձեռքերը շփելով, որ այդ նախաձեռնությունը ստանա հաջողություն: Ադրբեջանը երազում է դրա մասին»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ առանց այս նախաձեռնության էլ Ադրբեջանը սպառնալիքց հայտարարություններով հանդես է գալիս, նաև որոշ դեպքերում դիմում է գործողություններին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Այո, ճիշտ եք, ավելին ասեմ, Ադրբեջանում խոսում են երրորդ պատերազմի մասին և փնտրում են առիթներ դրա հմար: Ընդ որում, նրանք առիթ են փնտրում Արցախի դեմ երրորդ պատերազմի համար, բայց եթե մենք նման գործողություն անենք, առիթ ենք տալու նաև Հայաստանի դեմ պատերազմի համար: Հետևաբար, այս նախագիծը պատերազմի հրձիգ է»:
Պապոյանը մանրամասնել է, որ իրենք բանակցում են Ադրբեջանի հետ. «Եւ բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմն ունի երկու տարբերակ՝ կամ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կամ պատերազմ է հայտարարում:
Հիմա այդ երկուսից ո՞րն է հավանական: Նման նախագիծ ընդունելու դեպքում Ադրբեջանը ասելու է՝ այո, դուք ինչ ուզում եք, այդպես էլ լինելո՞ւ է, թե՞ պատերազմ է հայտարարելու: Ավելին ասեմ, այդ նախագծի ընդունման պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է՝ Հայաստանը միջամտում է իր հարցերին»:
«Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է օրենքի նախագիծ, որով խիստ պատիժ է սահմանվում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու դեպքերում։