Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այսօր դիվանագիտական ճակատում կան հնարավոր ճանապարհներ՝ ստեղծված իրավիճակը շտկելու առումով․
«Շրջանառվող ենթադրությունը, որ այն, ինչ կատարվում է, նաև միջազգային հանրության ցանկությունն ու պարտադրանքն է, ու արվում է նրանց ճնշման տակ, պետք է ամբողջությամբ վերանայել ու դրան տալ նոր ընկալում։ Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց թե ինչպես դա կարվի, հավատացեք՝ միջազգային հանրությանը այդքան էլ չի հետաքրքրում»,- ասել է նա։
Ըստ Օսկանյանի՝ երբ Հայաստանի իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի. «Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ ձեզ, շատ կարճ ժամանակում՝ երկու-երեք ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց այդ լիազորությունը պետք է լինի 100%, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի»,- ասել է նա․
Նախկին արտգործնախարարի խոսքով՝ այդ բանակցային խումբը երեք հիմնական քայլ պետք է անի․
«Առաջին՝ փոխի բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը հետևյալ կերպ․ մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի արդյունքում, անհավասար պայմաններում, պատերազմի սպառնալիքի տակ ստեղծված հարցեր՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, այլ մտնում ենք բանակցությունների մեջ՝ ոչ հավասար պայմաններում որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու արդար ու կայուն խաղաղության։
Երկրորդ՝ պետք է ընդլայնել այսօր առկա բանակցային օրակարգը։ Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան միայն Ադրբեջանի պահանջները։ Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր բանակցում է Ադրբեջանի պահանջներին փաթեթավորում տալ, որ մեր ժողովրդին ավելի ընկալելի լինի։
Երրորդ՝ պետք դնել հայկական պահանջները։ ԼՂԻՄ-ի՝ սովետական շրջանի կարգավիճակի հարցը պետք է դնել օրակարգում։ Այն փաստը, որ սովետական շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այսօր պետք է լինի բանակցությունների օրակարգում։ Չմոռանանք, որ այդ փաստն էր, որ 1991թ․ հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին՝ ձգտելու ինքնորոշման։ Հենց այդ փաստը օրինականացրեց, որ Արցախի ժողովուրդը խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար մարզ»։