Քաղաքական

«Ադրբեջանը նախապատրաստվում է հատուկ գործողության»․ Մարուքյան

«Ադրբեջանը նախապատրաստվում է հատուկ գործողության»․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում գրել է․ 

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին՝ պատճառաբանելով, որ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։

Ադրբեջանական կողմի պնդումներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում հայ զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են ԼՂ-ից։ Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը կամ բացակայությունը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։

Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքը և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական