Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։
- Արցախում սրացումների ֆոնին ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կրկին հայտարարում են, որ մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Հաշվի առնելով բանակցությունների ակտիվ ընթացքը՝ նման քայլերով ի՞նչ է փորձում ցույց տալ Ադրբեջանը։
- Ակնհայտ է, որ Ադրբեջանը ամեն անգամ, բանակցություններից առաջ, փորձում է սրել իրավիճակն առաջնագծում։ Փորձում է հայկական կողմին մարդկային և նյութական մեծ վնասներ պատճառելով՝ հասնել նրան, որ բանակցային սեղանին ավելի ճնշող դիրքերից հանդես գա, Հայաստանի նկատմամբ մեծ ճնշումներ ապահովի և հասնի իր համար ցանկալի արդյունքի։ Սա վաղուցվա գործելաոճ է Ադրբեջանի համար։ Այս անգամ էլ բացառություն չէր, և հենց բանակցությունների ընթացքում 4 զոհ եղավ Արցախում, և, բնականաբար, Ադրբեջանը փորձում է հասնել առավելագույնին այս բանակցություններում։ Նրա նպատակն այն է, որ հայկական կողմը որևէ հարցում չփորձի հարցեր դնել, որտեղ կարող են Ադրբեջանի շահերից չբխող որոշումներ ընդունվել։ Այսինքն, ցանկանում է ստանալ ամեն ինչ, որպեսզի Հայաստանի համար լինի զրոյական արդյունքով խաղ, և հայկական կողմը որևէ բան չշահի բանակցությունների արդյունքում։
- Ավարտվեցին վաշինգտոնյան բանակցությունները։ Ի՞նչ տպավորություններ ունեք բանակցությունների այս փուլից՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցող զարգացումները։
- Բանակցությունները, կարծում եմ, ձախողվելու են, որովհետև կան հիմնարար հարցեր, որտեղ հայկական կողմը փորձում է ապահովել Արցախի բնակչության իրավունքի և անվտանգության հարցը, իսկ Ադրբեջանը կտրականապես չի էլ ուզում լսել դրանց մասին։
- Արցախի ԱԺ-ն պահանջել էր դադարեցնել բանակցությունները։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, և ինչի՞ կհանգեցներ դրանց դադարեցումը։
- Արցախի ԱԺ հայտարարությունը սխալ եմ համարում։ Չմասնակցել բանակցություններին՝ նշանակում է Ադրբեջանին նոր պատերազմ սանձազերծելու լեգիտիմ իրավունք տալ՝ ավելի երկարաժամկետ և ծանր հետևանքներով։ Այնպես որ, բանակցություններին գնալը, թեկուզ մեզ համար որևէ արդյունք էլ չլինի, ճիշտ է։ Ցանկացած նման հարթակ պետք է օգտագործել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ ապահովելու համար։ Բանակցություններ միշտ պետք են, չբանակցելը բերելու է պատերազմի, իսկ դրան, գոնե այս փուլում, Հայաստանը պատրաստ չէ։
- Ստեղծված իրավիճակում որքա՞ն է հավանական Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։
- Այս առումով լուրջ ճնշումներ կան Ադրբեջանի վրա՝ նաև ամերիկյան կողմից։ Իմիջիայլոց, սա շատ լավ հասկանալով՝ ռուսական կողմը փորձում է մանիպուլացնել, այնպես անել, որ բանակցային գործընթացի նախաձեռնությունը, կոնֆլիկտի թելը մշտապես լինի իրենց ձեռքում, և որևէ երկիր, հատկապես՝ արևմտյան, ներգրավված չլինի բանակցային գործընթացում։ Նաև նշեմ, որ ամերիկյան կողմը լուրջ ճնշումներ է գործադրում, որպեսզի Ադրբեջանը ուղիղ բանակցություններ սկսի Արցախի իշխանությունների հետ, թեկուզ՝ ոչ քաղաքական բանակցություններ, բայց տարբեր հարցերի շուրջ կողմերը նստեն և երկխոսեն։ Գաղտնի բանակցությունների ֆորմատն էլ է քննարկվել, որպեսզի չհանրայնացվի, և Ստեփանակերտն ու Բաքուն նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
- Ի՞նչ սպասել ռուսական կողմից՝ հաշվի առնելով, որ ավարտին մոտեցան վաշինգտոնյան բանակցությունները։
-Ռուսական կողմը մշտապես փորձելու է կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի ձեռքով կրակից շագանակներ հանել, քանի դեռ գնում են վաշինգտոնյան բանակցություններ։ Ի դեպ, Ադրբեջանը ուրախությամբ չի մասնակցում։ Ռուսական կողմի հետ համատեղ սադրանքներ են լինելու Արցախում հայ բնակչության հանդեպ։ Տեսեք, այս բանակցությունները պետք է լինեին մոտավորապես մեկ ամիս առաջ, բայց Ադրբեջանը վերջին պահին հետաձգեց այն։ Ակնհայտ է, որ վաշինգտոնյան բանակցություններն իրենց սրտով չեն։ Իրենց հոգեհարազատ են Մոսկվայում անցկացվող բանակցությունները, քանի որ շատ հանգիստ կարող են լեզու գտնել ռուսական իշխանությունների հետ։ Ռուսական հարթակում էլ ճնշումներ չկան՝ ի տարբերություն ամերիկյան հարթակում ընթացող բանակցությունների, որտեղ Ադրբեջանի առջև դրվում է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։
Հայկ Մագոյան