«Միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա։ Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունեցել նաև միջազգային իրադրության հետագա զարգացման վրա»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ առերեսվում ենք լրացուցիչ անվտանգության մարտահրավերների. «Այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ»։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, բերած անհարթությունները՝ հարթել. «Ինչ մեթոդներով ու ձևերով հնարավոր է դա անել, կարող է լինել վարկած, առաջարկ կամ մոտեցում, որ նոր կոմպոնենտներ պետք է ավելացնել անվտանգային ճարտարապետությանը, ինչը մոտեցում է, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի։ Նոր կոմպոնենտները կարող են գոյություն ունեցող ռիսկերը որոշակիորեն կառավարել, բայց, մյուս կողմից, կարող են նոր լրացուցիչ ռիսկեր ավելացնել»։
Փաշինյանը նշել է, որ հարցը, թե ով կարող է ապահովել անվտանգությունը, ինքնին սխալ է. «Եթե ապահովողը ով է, ինչ-որ մեկն է, նշանակում է՝ անվտանգային սպառնալիքը մեծ է։ Եթե նույնիսկ կառավարվում է, կառավարվում է ժամանակավորապես։ Խորքային, ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը»։
Անդրադառնալով հարցին՝ թե որքանով է խաղաղությունն իրատեսական, վարչապետը դրական պատասխան է տվել. «Պետք է դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։ Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ քաղաքական կամք խաղաղության հասնելու համար և խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասներ։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ որքանո՞վ մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի ու նրա ժողովրդի համար»։
Փաշինյանը նաև ասել է, թե գլոբալ անորոշությունների ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ մեր անորոշությունները դառնում են կրկնակի. «Մենք ականապատ դաշտի միջով ենք քայլում, բայց պետք է արձանագրենք՝ որքան քայլում ենք ականապատ դաշտի միջով, այնքան ականները խտանում են, և սա մեզնից պահանջում է լրացուցիչ ջանքեր, շրջահայացություն և ճկունություն»։