Քաղաքական

Ադրբեջանը պատրաստ է բանակցել ԼՂ հայերի հետ միայն մի դեպքում

Ադրբեջանը պատրաստ է բանակցել ԼՂ հայերի հետ միայն մի դեպքում

Մյունխենում այսօր տեղի է ունեցել պանելային քննարկում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԵԱՀԿ ԳՔ Հելգա Մարիա Շմիդտի մասնակցությամբ։ 

Խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին, Փաշինյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, որը ստորագրել է Ադրբեջանի նախագահը, կոնկրետ նշվում է Լեռնային Ղարաբաղը, և նույն փաստաթղթում ասվում է, որ կա Լաչինի միջանցք, որը պետք է աշխատի անխափան։ 

«Մինչդեռ միջանցքն արդեն 70 օր արգելափակված է, ինչը հանգեցրել է հումանիտար և էներգետիկ ճգնաժամի ԼՂ-ում, և գազամատակարարումը 10 անգամ դադարեցվել է անցած 70 օրերի ընթացքում»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է խիստ ուշադրության կենտրոնում պահի այս իրավիճակը։ 

Իր հերթին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը (խմբ. Ռուբեն Վարդանյանը) լքի Ղարաբաղը։

ՀՀ վարչապետը պանելային քննարկմանն անդրադարձել է նաև Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն։ «Երբ որոշում կայացրեցինք մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել Թուրքիա, մտածում էինք միայն մարդասիրական դրդապատճառների մասին, բայց տեսանք Թուրքիայի դրական արձագանքը, և եթե դա դրական քաղաքական արդյունքներ ունենա, ավելի լավ»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական