Անկարայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի համատեղ մամուլի ասուլիսը։ Մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը:
«Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։
Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - ասել է Արարատ Միրզոյանը։