«Որևէ մեկը որևէ բան չի պարտադրում այդ կոնտեքստում, այսինքն՝ Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ հրավիրելու վերաբերյալ ռուսական կողմի արձագանքին։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել, որի ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ․ «2021թ. մայիսին և նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։ Նույնը տեղի է ունեցել լայնածավալ՝ անցած տարվա սեպտեմբերին։ Եվ, այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, ՀՀ-ն հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով»։