Քաղաքական

Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք. Նախագահ

Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք. Նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ.

Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի զինվորներ և սպաներ,

Շնորհավորում եմ ձեզ մեր Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման պահից բանակի գերագույն կոչումն ու առաքելությունը մեկն էր՝ մեր հայրենիքի սահմանների, մեր քաղաքացիների անվտանգության պահպանությունն ու պաշտպանությունը և ամենակարևորը՝ մեր երկրում խաղաղության երաշխավորումը:

Անցած տասնամյակների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցան՝ ճաշակելով և' հաղթանակի բերկրանք, և' կորուստների դառնություն, բայց մեր բանակի վերջնական նպատակը մնացել է միշտ նույնը՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար: 

Խաղաղ, անվտանգ ու պաշտպանված հայրենիք ունենալու համար հազարավոր հայրոդիներ նվիրեցին իրենց կյանքը. խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ:

Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերի 31-րդ տարեդարձը նշում ենք պետականության համար վճռական ժամանակաշրջանում: Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը, հակառակորդները շարունակում են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը և վերջինիս մենք՝ որպես պետություն, կարող ենք հակադրել միայն ժամանակակից, կայացած, ամուր ու պրոֆեսիոնալ բանակ:

Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, բայց այդ գործում առավել էական է, թե որ սկզբունքներն ու հայեցակարգն են լինելու մեր ուղենիշերը: Այդ գաղափարները հստակ են՝ խաղաղություն, մեր պետության սահմանների ու ինքնիշխանության պաշտպանություն և անվտանգություն: Հենց այս նպատակներին հասնելու համար բանակին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներիս աներկբա զորակցությունը, որովհետև բանակն ինքնաբավ ու ինքնուրույն մի կառույց չէ, այլ մեր հասարակության խտացված արտացոլանքն ու պետական մտածողության բյուրեղացման արդյունքը:

Սիրելի զինվորներ ու սպաներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, տոկունություն և ամուր կամք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական