Քաղաքական

«ՀԱՊԿ-ի փոխարեն ԵՄ առաքելությունն ընտրելու թեզը տեղին չէ․ մենք ելնում ենք մեր պետական շահերից». Արթուր Հովհաննիսյան

«ՀԱՊԿ-ի փոխարեն ԵՄ առաքելությունն ընտրելու թեզը տեղին չէ․ մենք ելնում ենք մեր պետական շահերից». Արթուր Հովհաննիսյան

Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է։

-Գլխավոր դատախազը ԱԺ միջնորդություն է ուղարկել Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Ընդդիմադիրները սա քաղաքական հետապնդում կամ էլ բանակում տեղի ունեցած վերջին զարգացումներից շեղելու քայլ են որակում։ Ինչպես կմեկնաբանե՞ք։

-Նախ, արձանագրենք, որ վերը նշված քրեական գործերի շուրջ ուսումնասիրությունները նոր չեն սկսվել, և եթե գլխավոր դատախազն արդեն միջնորդությունն ուղարկում է ԱԺ, ենթադրվում է, որ դրան նախորդել է ամիսների աշխատանք։ Ուստի, ինչպես ամեն քրեական գործի հարուցման դեպքում, քաղաքական հետապնդման մասին թեզը այս անգամ ևս քաղաքական սնանկության դրսևորում է։ Գլխավոր դատախազը կգա ԱԺ, կլինի հնարավորություն՝ առավել մանրամասն քննարկել միջնորդությունը, և պատգամավորներն, ըստ այդմ, փակ-գաղտնի քվեարկությամբ կկայացնեն որոշում՝ զրկե՞լ անձեռնմխելիությունից, թե՞ ոչ։

-Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ. նրանց գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք, մանավանդ, որ դահլիճում մասնակցելով քվեարկություններին՝ հետևողականորեն խուսափում են կառավարության հետ հարց ու պատասխաններին մասնակցելուց։

-Շարունակում եմ ընդդիմադիրների գործողություններում ապարդյուն փնտրել տրամաբանություն և ադեկվատություն, փոխարենը տեսնում եմ աշխատանքի իմիտացիայի փորձեր՝ աշխատավարձերից չզրկվելու համար, նաև երրորդ երկրների շահերի շարունակաբար սպասարկում ու հակահայաստանյան օպերացիաներ՝ իրենց տերերին հաճոյանալու համար։ 

-Ռուսական կողմն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշմանը՝ նշելով, որ Երևանը ՀԱՊԿ-ի փոխարեն ընտրել է ԵՄ-ին։ Սպասելի՞ էր ՌԴ-ի՝ նման արձագանքը։ 

-Մենք շարունակում ենք ակնկալել ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական գնահատական Հայաստանի սուվերեն տարածքներն ադրբեջանական զորքերի կողմից օկուպացնելու վերաբերյալ։ Քանի դեռ չկա գնահատական, շարունակում է անորոշ մնալ, թե ինչ աջակցություն է ՀԱՊԿ-ն առաջարկում Հայաստանին։ Իսկ ՀԱՊԿ-ի փոխարեն ԵՄ առաքելությունն ընտրելու թեզը տեղին չէ․ մենք ելնում ենք ՀՀ պետական շահերից։

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՌԴ այս հայտարարությունը։ Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ինչպե՞ս կարձագանքի, ի՞նչ քայլերի կգնա, հնարավո՞ր է իրավիճակն օգտագործելով՝ նոր սրացումների դիմի։

-Ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում բարդ է կանխատեսումների տրամաբանությամբ առաջնորդվել։ Մենք անդադար պետք է մեծացնենք միջազգային ճնշումը Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու, Լաչինի միջանցքն օր առաջ ապաշրջափակելու և բանակցային ճանապարհով խաղաղություն ապահովելու համար։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական