Քաղաքական

«Չեմ կարծում՝ ԵՄ դիտորդները լուրջ խոչընդոտ լինեն Ադրբեջանի համար». Արմեն Բաղդասարյան

«Չեմ կարծում՝ ԵՄ դիտորդները լուրջ խոչընդոտ լինեն Ադրբեջանի համար». Արմեն Բաղդասարյան

Տարածաշրջանում ընթացքող գործընթացների, Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, Լաչինի միջանցքի խնդրի հանգուցալուծման վերաբերյալ հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

-Այսօր գործադիրի նիստում ՀՀ վարչապետն ասաց, որ սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։ Որքանո՞վ է հավանական նոր լայնածավալ ռազմական էսկալացիան տարածաշրջանում՝ հաշվի առնելով ԵՄ առաքելության տեղակայման փաստը։

-Իհարկե, նոր պատերազմի հավանականությունը մեծ է, և այն նոր չէ։ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցում իր հավակնությունները՝ անգամ վերջնանպատակներն է բարձրաձայնում։ Ադրբեջանն իսկապես մտադիր է իրականացնել դա, ոչ թե այդ ամենը որպես շանտաժ օգտագործել։ Հիմա կփորձի արագացնել այդ ագրեսիան։ Այսինքն, ամեն ինչ անել մինչ ԵՄ դիտորդների տեղաբաշխումը։ Կարծում եմ, որ այդ հավանականությունն իսկապես մեծ է, և չեմ էլ կարծում, թե ԵՄ դիտորդները լուրջ խոչընդոտ լինեն՝ հաշվի առնելով ԵՄ-ի ակնկալիքները Ադրբեջանից և Թուրքիայից՝ հատկապես էներգետիկ ոլորտներից։

-Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հետևողականորեն պիտի աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ Ինչպիսի՞ն կլինի սրան ռուսական կողմի արձագանքը, այն դեպքում, երբ Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունն, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ռուսաստանի պարտավորությունն է։

-Ռուսաստանի արձագանքը կլինի բացասական, բայց խնդիրը միայն դա չէ։ Խնդիրն այն է, որ սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության։ Իսկ Ադրբեջանն այդ հարցը հստակ է ներկայացնում միջազգային հանրությանը՝ նշելով, որ ոչ մի շրջափակում էլ չկա։ Քանի դեռ դա այդպես է՝ չեմ կարծում, թե մեզ կհաջողվի հասնել Արցախում միջազգային դիտորդական առաքելության ներկայությանը։

-Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

-Դա ճանապարհը բացելու հնարավոր տարբերակներից մեկն է։ Բայց ես չեմ կարծում, թե կստացվի այդ երկխոսությունը։ Նախ, որովհետև Ադրբեջանը կողմերի միջև հավասար բանակցություններ չի համարում դա, այլ՝ զրույց իր քաղաքացիների հետ։ Եվ շատ հստակ պայմաններ ու պահանջներ է դնում։ Նույնիսկ մի մասի կատարման դեպքում արցախահայության հետագա գոյությունն ուղղակի վտանգի տակ կդրվի։ Հետևաբար, պետք է աշխատել միանգամից մի քանի ուղղություններով։ Այսինքն, նախ՝ փորձել երկխոսել Ադրբեջանի հետ, երկրորդ՝ փորձել միջազգային ճնշումների միջոցով, այնուամենայնիվ, Ադրբեջանին ստիպել բացել ճանապարհը, երրորդ՝ արագացնել երկրորդ ճանապարհի կառուցումը, որը չի անցի Շուշիի տակով, այլ նախորոշված վայրով։ Կրկնում եմ՝ պետք է միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատել։ Այդ ուղղություններից մեկը կարող է լինել երկխոսությունը, սակայն առանձնապես հույսեր կապել պետք չէ, որովհետև Ադրբեջանն այս պայմաններով և փաստաթղթերով հազիվ թե գնա էական զիջումների։

Հայկ Մագոյան

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական