Անցած շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրեց Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների հանքավայրերը թալանելու մեջ՝ նշելով, որ դրան այլ երկրներ էլ են մասնակցել։ Բայրամովը նաև նշեց, որ Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի:
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը, ով նաև ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, Radar Armenia-ի հետ զրույցում նախ բացատրում է, թե ինչ է նշանակում արբիտրաժային գործընթաց՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի, ապա խոսում դրա հետևանքների, ինչպես նաև այն մասին, թե Ադրբեջանը կկարողանա՞ հաջողություններ գրանցել դատարանում։
Նրա դիտարկմամբ՝ խոսքը Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիային է վերաբերում, և առաջին անգամ վեճերի լուծման մեխանիզմի առումով արբիտրաժային գործընթաց է սկսվել, իսկ մինչ այդ կիրառության հետ կապված խնդիրները մշտական կոմիտեի կողմից են հանգուցալուծվել։ Սահակյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ կոնվենցիայի մեկնաբանության և կիրառության նպատակներով ստեղծվում է արբիտրաժ՝ որպես վեճի լուծման մեխանիզմ։ «Եվ, ահա, այս մասն է, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես «պատմական մեծ իրադարձություն»։ Մինչդեռ աբրիտրաժների միջոցով տարբեր միջազգային պայմանագրերից բխող դրույթներ մեկնաբանելը կամ կիրառելը տարածված պրակտիկա է»,- ասաց Սահակյանը և հստակեցրեց, որ այս կոնվենցիայի նպատակն է ապահովել վայրի ֆլորայի, ֆաունայի և բնական միջավայրի պահպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով վտանգված և խոցելի տեսակներին։
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ այս կոնվենցիան հայ հասարակությանը հայտնի է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակներում, երբ մի քանի կազմակերպություն բողոք էին ներկայացրել Բեռնի կոնվենցիայի հիմքով՝ պնդելով, որ Հայաստանը խախտում է կենսաբազմազանության մասին այս կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Սահակյանը հավելում է, որ, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, Հայաստանն «օկուպացիայի» շրջանակներում վերացրել է անտառածածկ հատվածները, ինչպես նաև հանքարդյունաբերության և շինարարության հետևանքով պատճառել շրջակա միջավայրի աղտոտում, որի արդյունքում բույսերի շուրջ հինգ հարյուր տեսակ վտանգվել են։ Եվ, ըստ ադրբեջանական պնդումների, կան հավաքագրված ապացույցներ, որոնք վկայում են շրջակա միջավայրի վնասումը։
Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով՝ ադրբեջանական կողմն ակնկալիք ունի, որ արբիտրաժային դատարանը Հայաստանից կպահանջի դադարեցնել շարունակական գործողությունները և վճարել ամբողջական ռեպարացիա՝ պատճառված վնասների համար․ «Ահա այս ռեպարացիայի մասն է, որ կարող է ֆինանսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար»,-նշեց Սահակյանը՝ հավելելով, որ քանի որ այս պահին հասանելի չէ բուն միջպետական գանգատը և այն հիմնավորող փաստաթղթերը, մասնագիտորեն դժվար է գնահատել դատը շահելու հավանականությունը և գնահատել փաստարկվածության աստիճանը։ Մասնագետները դրան կարող են անդրադառնալ ավելի ուշ, երբ հասանելի կլինի միջպետական գանգատը։
Ըստ Սահակյանի՝ այս մեխանիզմի շրջանակներում կա մշտական կոմիտե, որը դիտարկում և պարբերական վերանայումների արդյունքում դուրս է բերում կոնվենցիայի կիրառության խնդիրներ․ «Կայքի ուսումնասիրմամբ կարող եք տեսնել, որ Ադրբեջանը նաև պատասխանատու չի գտնվել պարբերական զեկույցներ ներկայացնելու հարցում։ Եվ եթե մենք նայենք կոմիտեի գործունեության արդյունքում արձանագրված խնդիրները, կտեսնենք, որ Բեռնի կոնվենցիայի կիրառության տեսանկյունից Ադրբեջանը խնդրահարույց երկիր է։ Համանման զեկույցներ կան նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում, և ինքս ցինիկ եմ գնահատում այդ վարքագիծը։ Միջազգային տարաբնույթ կառույցների կողմից Ադրբեջանը դիտարկվում է որպես Բեռնի կոնվենցիան և այլ վերաբերելի փաստաթղթերը խախտող պետություն, և նրան ուղղված բազմաթիվ հանձնարարականներ կան՝ համապատասխանեցնելու պարտավորությունները միջազգային կոնվենցիաներին։ Սակայն այն կյանքի կոչելու փոխարեն Ադրբեջանը անհամարժեք մեղադրանքներ է հղում հայկական կողմին»։
Սահակյանի կարծիքով՝ Ադրբեջանի միտումը քանակական հավասարակշռությունը պահելն է, քանի որ Հայաստանը նախաձեռնող է գտնվել և արդեն իսկ դատական գործընթացներ է սկսել տարբեր ատյաններում՝ այդ թվում ՄԱԿ-ի միջազգային դատարանում։ «Թվային հավասարակշռությունը պահելու նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանը հակահարձակ է լինում և դրա շրջանակներում նաև գործի դնում Բեռնի կոնվենցիան»,-նշեց Սիրանույշ Սահակյանը։
Հայկ Մագոյան