Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։
- Եվրախորհրդարանի՝ ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունած բանաձևն ի՞նչ նշանակություն ունի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար։
-Այդ բանաձևը շատ մեծ դեր ունի, քանի որ զսպիչ նշանակություն կունենա Ադրբեջանի համար։ Նախագծում հստակ գրված է, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։ Հստակ, հասցեական գրված է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից։ Հստակ ասված է, որ Ադրբեջանը պետք է հայ գերիներին վերադարձնի։ Այս հայտարարության ուժն այն է, որ հասցեական է ու հստակ ասված է, թե ինչ պետք է Ադրբեջանը անի: ԵՄ-ն Ադրբեջանի հետ ցանկանում է համագործակցել, բայց պետք է նաև հետևի, որ արժեքները հարգվեն։ Սա շատ կարևոր է։ Եվրոպական պառլամենտի անդամները չեն ասում՝ պետք չի աշխատել Ադրբեջանի հետ, բայց ասում են, որ պետք է Ադրբեջանում առաջ մղվի մարդու իրավունքների հարգումը, Ադրբեջանի կողմից ուժի չկիրառումը, եթե խնդիրներ կան հարևանների հետ։ Ադրբեջանի իշխանությունների համար շոկային դրույթ կա․ այն է, որ պետք է Մինսկի խմբի շրջանակներում եղած 2009 թվականի փաստաթղթերը, որը 3 սկզբունք է ներառում, բերել ետ՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծում։ Փաստորեն, ԵՄ-ն ասում է, որ չի ընդունում հարցը ուժով լուծելու տարբերակը և պատերազմի արդյունքները։
- Ի՞նչ արձագանք եք սպասում Ադրբեջանից։
-Դժվարանում եմ ասել։ Կարծում եմ՝ Ալիևն անպայման կարձագանքի, կասի, որ համաձայն չի։ Նույնիսկ հնարավոր են կոշտ ձևակերպումներ եվրոպական խորհրդարանի դեմ, քանի որ այս հայտարարությունները հասցեական են։ Ու հատկապես, որ բարձրաձայնվում է Մինսկի խումբը վերականգնելու անհրաժեշտությունը՝ հայտնի մադրիդյան սկզբունքները, կարծես, վերաթարմացնելով։ Ադրբեջանի համար դա պարզապես շոկ է, քանի որ նրա գլխավոր արգումենտն այն է, որ պատերազմով լուծել են հարցը։ Իսկ Եվրոպական խորհրդարանն ասում է, որ պատերազմի արդյունքները չի ընդունում։
-Նախօրեին ԵԽ-ն ընդունված բանաձևում դատապարտել էր սեպտեմբերյան ագրեսիան։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին են վկայում եվրոպական կառույցների ուշադրությունը։
-Մենք Եվրոպայի մաս ենք։ Իրենց պետք է Եվրոպայի շահը կայուն լինի։ Նրանց ձեռնտու չէ, որ այստեղ ապակայունացած վիճակ լինի, պատերազմներ լինեն տարածաշրջանում, որ Եվրոպայում մեծ թվով փախստականներ չհայտնվեն։ Նրանց շահը ակնհայտ է։ Նրանք հասկանում են, որ պետք է ուժեղացնեն իրենց ներկայությունն այստեղ։ Նաև դա է պատճառը, որ Հայաստան կուղարկեն քաղաքացիական դիտորդական առաքելության խումբ, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը քչանա, քանի որ պարզ է՝ Ռուսաստանը չի ուզում կայունացում, ուզում է կոնֆլիկտի միջոցով մանիպուլացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ պահպանելով իր ազդեցությունը։
-Երեկ Լավրովը հայտարարեց, որ շուտով կլուծվի Լաչինի միջանցքի հարցը․ ի՞նչ ենթադրություններ կարելի է անել նրա խոսքերից։
-Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի Սերգեյ Լավրովը, քանի որ իր հայտարարություններում՝ թե՛ Հայաստանի հարցով, թե՛ հայ֊ադրբեջանական կոնտեքստով, միշտ հակասություններ կան։ Նա միշտ ասում է բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ, հիմք ընդունելով Ադրբեջանի ինֆորմացիան, ասաց նաև, որ իբր մենք ականներ ենք տեղափոխել ԼՂ։ Իր ասածները հաճախ պետք է ուսումնասիրել, քանի որ դժվար է ասել, թե ինչ նկատի ունի, որ ճանապարհը իսկապես կբացվի՞, թե՞ այլ բան։ Դժվարանում եմ ասել, քանի որ ՌԴ֊ի քաղաքականությունը բարդ է, և մենք տեսնում ենք, որ նրանք պրոադրբեջանական գիծ ունեն։
Հայկ Մագոյան