Տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ։
-Ըստ շրջանառվող լուրերի՝ մեկ ամսից ԵՄ դիտորդական առաքելության նոր խումբ կժամանի Հայաստան՝ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Ձեր կարծիքով՝ ԵՄ դիտորդների ներկայությունը որքանո՞վ է արդյունավետ՝ հաշվի առնելով, որ երկամսյա ներկայության ընթացքում ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով խախտում էր հրադադարը։
-Ընդհանրապես, մենք պետք է ամեն բան շատ ճիշտ գնահատենք և ավելորդ մեծ սպասումներ չունենանք կոնկրետ ծրագրերից կամ դիրքորոշումներից։ Մենք երբեմն սպասումները մեծացնում ենք, ու մեզ հաճախ թվում է, որ դա սահմանի պահպանություն է, կամ ադրբեջանական զորքերի ետշպրտում։ Ուղղակի դա մի գործիք է, և երկամսյա առաքելությունը էական դեր է կատարել։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը շատ խորամանկ է աշխատում։ Ամեն անգամ միջադեպից հետո ադրբեջանական կողմը սկսում է մեղադրել Հայաստանին, նաև շատ ինտենսիվ աշխատում է այդ երկրների մայրաքաղաքներում ամենատարբեր եղանակներով՝ ընդհուպ կաշառք տալով, և ներկայացնում է, թե ինքն ընդամենը պաշտպանվում է, պատասխանում հայկական կողմին, իսկ հայկական կողմը հանգիստ չի մնում, ռևանշի մասին է մտածում և այլն։ ԵՄ֊ում սեփական աղբյուրի չստացված տեղեկատվության խնդիր կա։ Մի քանի դեպք գիտեմ, որ Բաքվում մի երկրի դեսպանատունն այլ բան է ասել, Երևանում գտնվող դեսպանատունն՝ այլ, և վեճ է առաջացել, թե ում ասածն է ճիշտ։ Առաջին խնդիրը, որ լուծել է անցած տարվա առաքելությունն այն է, որ ԵՄ֊ում հստակ իմացել են, թե ով է խախտում հրադադարը։ Եվ հիմա էլ, եթե խոսում ենք երկու տարվա տեղակայման մասին՝ նշանակում է, որ Ալիևը զրկվում է «ջրեր պղտորելու» և տեսակետները լղոզելու գործիքից, որովհետև, ըստ էության, ԵՄ դիտորդները իրենց մայրաքաղաքին հստակ զեկուցելու են, թե ով է նախահարձակ կողմը։ Երկրորդը, Ալիևը զսպելու է նաև իր քայլերը, որովհետև իմանալու է, որ պատերազմ սանձազերծելու դեպքում լինելու է զեկույց, գնահատական, որը թույլ չի տալու լեգիտիմացնել իր գործողությունները։ Եվ երրորդ, հայկական կողմը ստանալու է իրավունք՝ իր օրակարգում դնելու փաստաթղթավորված հենքով տարածքային ամբողջականության հարգմամբ վերականգնման պահանջներ։ Բայց սա չի նշանակում, որ ԵՄ դիտորդները 100 տոկոսով երաշխավորելու են, որ հենց հաջորդ օրը Ադրբեջանի զինված ուժերը դուրս են գալու ՀՀ տարածքից, կամ էլ ադրբեջանական կողմը հլու֊հնազանդ ենթարկվելու է եվրոպացիների պահանջին։ Բայց միջազգային հարթակում Հայաստանն իր խաղաքարտերն է ունենալու և իր լեգիտիմ պահանջների հիմքերը։
-Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինի այս հարցում ՌԴ֊ի դիրքորոշումը։
-Ռուսաստանը 2021 թվականի մայիսի 14֊ին ստացել է նույնպիսի առաջարկ՝ տեղակայելու իր դիտորդներին, ընդ որում՝ ռազմական դիտորդներին, բայց նախընտրել է ներկա չլինել այդ հարցերում։ Իհարկե, ԵՄ դիտորդների տեղակայումը դուր չի գա Ռուսաստանին, հատկապես, որ անցած տարվա վերջին ՀՀ ԱԳ նախարարը չմասնակցեց Բայրամով-Լավրով հանդիպմանը։ Այդ օրվա իր գնահատականներում Լավրովը քննադատության է ենթարկել Հայաստանի փորձերը՝ սեփական խնդիրները լուծել տարբեր միջազգային կառույցներով կամ դիտորդներով։ Եվ զայրույթ է արտահայտել, թե մի՞թե Հայաստանը հավատում է, որ նրանք լուծելու են իր խնդիրները։ Իհարկե, մենք գիտենք, թե ինչ վերաբերմունք է լինելու, բայց սա չի նշանակում, թե Հայաստանը պետք է ոչինչ չանի, համակերպվի իրավիճակին կամ իր խնդիրները լուծելու համար դուրս գա Ռուսաստանի համար անհասկանալի և անընդունելի մոտեցումներից։ Մենք պետք է հասկանանք, որ այս խնդրում մենք միայնակ ենք, և որքան էլ Ռուսաստանը թղթով մեր դաշնակիցն է։ Մարիա Զախարովան ասում է, որ մենք պետք է գնահատենք մեր սահմանների պաշտպանության գործում Ռուսաստանի ներդրումը։ Իրականում շատ կասկածելի է, թե այդ ինչ ներդրում է։ Այնուամենայնիվ, մենք պետք է մեր խնդիրները լուծենք։ Մենք չենք կարող սահմանները թողնել անպաշտպան, անվերահսկելի, հատկապես, որ միջազգային հանրությունը և միջազգային կառույցներն էլ պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ։ Եվ միայն Հայաստանը չէ, որ պարտավորություններ ունի։ Միջազգային կառույցները պարտավոր են ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ կտրվածքով՝ Հայաստանը պետք է շարունակի անել ամեն հնարավոր քայլ՝ օգտագործելով ամենափոքր և մեծ հնարավորությունը, որպեսզի լուծի իր խնդիրները։
-Երեկ 16 արցախցի երեխա վերադարձել է Արցախ։ Ըստ Ձեզ՝ սա միջազգային հանրության ճնշմա՞ն արդյունքն է, թե՞ ռուսական կողմի ջանքերի։ Ինչ եք կարծում՝ սա նախադրյա՞լ է, որ հաջորդ քայլը կլինի Լաչինի միջանցքի բացումը։
-Կարծում եմ, որ արևմտյան ակտիվացումը ստիպում է Ռուսաստանին՝ քայլեր անել, որպեսզի դափնիները չմնան Արևմուտքին, որը նոր տարվա առաջին իսկ օրերից սկսեց կրկին բարձրացնել Լաչինի միջանցքի բացման թեման՝ ամենատարբեր դեսպանատների և պաշտոնյաների կոչերով։ Կարծում եմ՝ և Ադրբեջանի, և Ռուսաստանի համար ակնհայտ է, որ երկար փակ պահել չեն կարող միջանցքը։ Ավելին, հնարավոր է՝ Ադրբեջանը ընկրկի արևմտյան ճնշումների առջև, և վերջում ստացվի, որ հաղթանակի դափնիները գնում են Ռուսաստանին, ոչ թե Արևմուտքին։ Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը ինչ-որ քայլեր է անում։ Այս իրավիճակը շատ նման է ռազմագերիների խնդրին։ Երբ Արևմուտքը չի խառնվում, ռազմագերիներ չեն վերադառնում, իսկ երբ Արևմուտքի միջնորդությամբ գերիներ են վերադառնում, ՌԴ-ն փորձում է քայլեր անել։ Կարծում եմ՝ Արևմուտքը Ռուսաստանին ստիպում է գործել։
Հայկ Մագոյան