Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հորդորում եմ այն քաղաքական ուժին և/կամ ուժերին, հանրային և քաղաքական գործիչներին, ովքեր մոտ են կանգնած հարգարժան Ռուբեն Վարդանյանին՝ բացատրել վերջինիս, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են ունենալ իր հայտարարություններն Արցախի համար:
Դրանց բովանդակությունը միտումնավոր չեմ կրկնում, քանի որ մեզ մեզանից բացի կարդում և լսում է նաև թշնամին (թեպետ թշնամին քանի օր է հրապարակային խրախճանքի մեջ է դրանցից, արտաքին աշխարհն էլ քիչ-քիչ կասկածի տակ է դնում արցախահայերի համար Լաչինի միջանցքի՝ կյանքի ճանապարհ լինելու հանգամանքը):
Արցախին օդ ու ջրի պես պետք է միջազգային խաղաղապահ առաքելություն և/կամ միջազգային աջակցություն՝ հաշվի առնելով գոնե միայն այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը զգալի չափով խոչընդոտելու է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում ռազմական էսկալացիա հրահրելու փորձերը, և այդ պարագայում, սլաքներն ուղղվելու են Արցախի ուղղությամբ՝ Հայաստանի վրա հավելյալ ճնշումներ գործադրելու համար:
Ռուբեն Վարդանյանի շրջապատում կան մարդիկ, ովքեր արտաքին քաղաքական ոլորտում պրոֆեսիոնալ են և շատ լավ են գիտակցում վերոնշյալը, հետևաբար, հուսով եմ, որ Վարդանյանի հայտարարություններն արվել են անփութության հետևանքով և ոչ միտումնավոր:
Հ.Գ. Արցախը չի կարելի կտրել Հայաստանից, ինչ մոտիվներ էլ որ լինեն դրա հիմքում: Առանց Հայաստանի Հանրապետության, չի կարող լինել հայկական Արցախ»: