ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր վաղ առավոտյան` ժամը 7-ի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում խուզարկություն են իրականացրել, կան բերման ենթարկվածներ: «Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը:
Ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է. «Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն առնչվում է ապօրինի կերպով զենք պատրաստելուն։