ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին՝ նշելով. «Աշխարհում չի եղել և չկա մի երկիր, որը չճանաչեր Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։
Ըստ նրա՝ Պրահայի հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. «Պետք է հստակություն մտցնել՝ Ադրբեջանը ճանաչու՞մ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մնացած հարցերով․ Ղարաբաղի հարցի կարգավորման բանաձևի մասին ես խոսել եմ 2021 թվականի ապրիլի 13-ին՝ խորհրդարանում և այլ հրապարակային հայտարարությունների ժամանակ»,- ընդգծել է Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի՝ ուկրաինական իրադարձությունների համատեքստում մեծ պայքար է ընթանում նոր աշխարհակարգի համար. «Եվ այդ նոր աշխարհակարգում մենք չենք կարող Հայաստանը դնել զոհասեղանին։ Մենք պատերա՞զմ ենք հայտարարում միջազգային հանրությանը։ Մենք ունենք ընտրություն՝ տեղավորվել միջազգային զարգացման տրամաբանության մեջ կամ դեմ գնալ դրան։ Մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը, դա չի նշանակում, որ խաչ ենք քաշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների ու անվտանգության վրա»։