ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի ՀՀ շահերին։
Նրա խոսքով. «Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, քանի որ նշանակում է՝ մեզ հաջողվել է ի վերջո գալ մի կետի, որտեղ համարել ենք, որ Հայաստանի շահերը պաշտպանվում են։ Հիմա արդեն խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլ այդ բովանդակությունն իրագործելու մեխանիզմը։ Նոյեմբերի 9-ին էլ ստորագրած թուղթ ունենք, բայց փաստն այն է, որ այսօր այն չի կատարվում»։
Փաշինյանը նաև նշել է, թե պայմանագիր կարելի է ստորագրել, բայց եթե չլինեն դրա դրույթների իրականացման մեխանիզմներ, կնքումից անմիջապես հետո կարող է նոր ռազմական էսկալացիա լինել. «Տեքստը կատարյալ չի լինելու, եկեք հիմիկվանից բոլորս էլ հասկանանք, բայց այն կարող է համապատասխանել Հայաստանի բալանսավորված շահերին։ Բայց եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող ենք «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել, և մի շաբաթ հետո ստանալ նոր պատերազմ կամ էսկալացիա»։
Ըստ վարչապետի՝ մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չէ ունենալ, խաղաղությունը պետք է վաստակել. «Խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ ձևավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, զարգացնել հարաբերություններն Իրանի և Վրաստանի հետ»։