Քաղաքական

Հավաստիացումներ էինք ստացել, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար. վարչապետ

Հավաստիացումներ էինք ստացել, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ ասելով, որ ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել միտքը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության թիվ մեկ դաշնակիցն ու անվտանգության երաշխավորն է։

Վարչապետի խոսքով՝ իրենց իշխանությունը նույնպես այդպես է ընկալել. «2020թ. պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը և օրակարգը ՌԴ հետ նախ եղել է հետևյալը՝ մենք մտավախություններ ունենք, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Սա եղել է ՌԴ հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման։ Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, և դրա արդյունքում ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար։ Երբ 2021թ. մայիսին տեղի են ունեցել Սոթք-Խոզնավար հատվածի իրադարձությունները՝ ներխուժումը ՀՀ տարածք, մենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ մեր գործընկերներից և անվտանգային ոլորտի մեր գործընկերներից։ Եվ, ի պատասխան մեր հարցումների և դիմումների, ստացել ենք դիտարկում այն մասին, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանները դեմարկացված չեն։ Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որ մենք արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք։ Այս համատեքստում կարևոր է դարձել հարցի պատասխանը՝ հետագա հարաբերությունների կառուցման համար»։

Ըստ վարչապետի՝ սա շարունակում է մնալ օրակարգային հարց։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, թե Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ժամանակ բացատում է՝ ասելով, թե մտավախություն ունեն, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում իրենց նկատմամբ, ուստի կանխարգելիչ քայլեր են ձեռնարկում. «Բոլորս գիտենք, որ աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց, մյուս կողմից, նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է՝ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև, ընդհակառակն, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական