Քաղաքական

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է. լրացավ նրա 78-ամյակը։

Արևելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտություն­ների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քա­ղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից՝ Երևան քաղաքում։

1953–1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երևանի № 43 յոթնամյա դպրոցում։

1960–1963 թթ. սովորել է Երևանի № 17 միջնակարգ դպրոցում։

1963–1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրա­կան ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող։

1969–1972 թթ.՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագի­տու­թյան ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ՝ աշ­խար­հահռչակ արևելագետ-պատմաբաններ Ն.Վ. Պիգուլեվսկայայի և Ա.Գ. Լունդինի ղեկավարությամբ։ Ասպիրանտական շրջանում նրա դաս­ըն­կեր­ներն են եղել Ի.Մ. Ստեբլին-Կամենսկին (1995–2005 թթ.՝ Սանկտ-Պե­տերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, հետագայում՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմի­կոս), Մ.Բ. Պիոտրովսկին (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի «Էրմի­տա­ժի» տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ) և Ե.Ն. Մեշչերսկայան (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի հա­մա­լսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր)։

1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշար­ձան» թեկնածուական թեզը. Գիտխորհրդի նախագահ՝ լեզվաբան-իրա­նագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համա­լսա­րանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Գիտու­թյուն­ների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ.Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ՝ ասուրագետ-հայագետ, պատմական գի­տությունների դոկտոր, հետագայում Հայաստանի Գիտությունների ակա­դեմիայի ակադեմիկոս Գ.Խ. Սարգսյան և եբրայագետ-արամեագետ, բա­նասիրական գիտությունների թեկնածու Գ.Մ. Գլուսկինա։

1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակա­դե­միայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ որ­պես կրտսեր գիտաշխատող։

1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտ­նա­կան-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մա­տե­նադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ և պատաս­խա­նատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշ­խատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։

1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մա­տե­նագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հո­գևոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազ­մաթիվ բարձրաստիճան հոգևորականներ՝ Պարգև, Եզրաս, Մի­քա­յել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբա­զան­ները և այլք։

1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասո­րա­կան գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը. Գիտ­խոր­հր­դի նախագահ՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-ան­դամ (հետագայում ակադեմիկոս) Մ.Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ՝ իրա­նագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Ն. Բոլդիրեվ, եբրայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կ.Բ. Ստար­կովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկ­տոր Կ.Ն. Յուզբաշյան։

Լ. Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արևելագետների ընկերակցու­թյան (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիա­կան Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակա­դե­միայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռ­նի (1990թ.), Ստրասբուրգի (1992թ.), Սոֆիայի (1994թ.) և Սորբոնի (1996թ.) համալսարանների։

Տիրապետում է հայերենին և ռուսերենին, ինչպես նաև գիտա­հե­տա­զոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակար­դա­կով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասո­րերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն և հին եբրայերեն լե­զուներից։

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների և բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրա­պարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամ­լո ասուլիսներ և այլն)։

Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն.Վ. Պի­գու­լեվսկայային, Ի.Մ. Դյակոնովին, Ա.Գ. Լունդինին, Ա.Վ. Պայկովային, Լևոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անաս­յանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին և Պողոս Խա­չատր­յանին։

Տեր-Պետրոսյանն իր քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորում­նե­րի ժամանակ։

1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, հա­մա­կուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի և Գեղամ Քյու­րումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երևա­նի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետ­րոս­յանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975 թթ.) մի­ջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենա­սի­րական մի խմբակի հետ:

1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մաս­նակցության համար, իր ընկերներ Լևոն Անանիկյանի, Ռուբեն Սա­քապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղ­դասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի և Ար­մինե Փափազյանի հետ, ձերբակալվել և դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երևանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը և Ստեփան Զատիկյանը։

1967թ. ապրիլի 24-ին, Երևանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։

1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս ան­դամներն էին՝ ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բա­նա­ստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արևելագետներ Նիկոլայ Գևորգյանը, Երջանիկ Աբգարյանը և Ժոզեֆ Ավետիսյանը։

1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի և Ղարաբաղի վե­րա­միա­վորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հաս­ցեա­գրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշ­խա­տակիցների շրջանում։

1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատե­նա­դարանի՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պա­հան­ջագիր-նամակը։

1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարա­բաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հան­րա­պե­տա­կան «Ղարաբաղ» կոմիտեի՝ մարտի 5-ին՝ Գրողների միու­թյան դահ­լիճում, և մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած հա­մա­գու­մար­ներին։

1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դա­վիթ Վարդանյանը, Սամվել Գևորգյանը և Սամսոն Ղազարյանը։ Հեղինակն է կոմիտեի և Հայոց համազգային շարժ­ման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամա­վո­րա­կան պատվիրանների և հասարակական պահանջագրերի։

1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստա­նում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դրան նախորդել էր Ղա­րաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանու­չա­րո­վի ձերբակալությունը։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հուն­վարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կո­մի­տեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռա­ֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյա­նը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման հիմ­նա­դիր Իգոր Մուրադյանը և «Գթություն» բարեգործական հիմնադրամի նա­խա­գահ Խաչիկ Ստամբոլցյանը։

1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձեր­բա­կալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում։ Երևա­նում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարե­տա­յին ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկ­վել նաև Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից՝ Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահ­նա­զարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետ­րոս­յանը, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը և Սմբատ Հակոբյանը։

1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազ­գային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի և Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբան­տարկյալ­ներն ազատ են արձակվել։

1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարու­թյան օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել և չորս ամիս ապա­քինվել Փարիզում։

1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերա­գույն խորհրդի պատգամավոր։

1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990թ. օգոստոսի կեսը։

1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախա­գա­հու­թյան անդամ։

1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգա­մա­վոր։

1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ՝ քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբե­րակ­ցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։

Levon Ter-Petrosyan1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերա­գույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանա­դրու­թյան նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանա­նա­լուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջ­ազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչ­ված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

1996թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթ­նա­ժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կար­գա­վի­ճա­կը կանխորոշող բանաձևի վրա։

1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտ­պանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներ­քին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցում­նե­րից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշ­տոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաև հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ և պատասխանատու աշխատողներ. Ազգային Ժո­ղո­վի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակ­յանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձ­նա­ժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատր­յա­նը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գա­մազ­յանը, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդ­րակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդական­ներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քար­տուղար Լևոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիս­յանը, Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբ­յա­նը, Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը և Վարդան Հարությունյանը։

1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով և հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները և հայերը» երկհատորյակը։

2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազ­մակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։

2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտո­նա­կան տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալ­ներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատա­բար հաղթանակ կտաներ (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008)։

2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասն­օրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշ­խա­նությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապ­օրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կա­լանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերում։

2008թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխա­նու­թյուն­ների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել մի քանի տասն­յակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրի­նա­բար Արտակարգ դրություն է հայտարարվել Երևան քաղաքում, և կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոն­ցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։

2008թ. մայիս–հունիսին, հակառակ այդ սանձարձակ քաղաքական հաշ­վեհարդարին, նրա գլխավորած շարժումը, նախկին շարքերի և աս­պա­րեզ իջած նոր ուժերի շնորհիվ, լիովին վերականգնվել է և աստի­ճա­նաբար լայն թափ հավաքել։

2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակեր­պություն­ներ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրա­պարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։

2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչ­պես նաև միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։

2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխա­վո­րե­լով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտր­վել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։

2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակ­ցու­թյան նախագահ։

Պատանեկության տարիներին խաղացել է Հա­յաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գևորգյանի, Արշավիր Ղա­զարյանի և վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղե­կա­վարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղ­վել է սուսերամարտով (մարզիչ՝ Լևոն Ստեփանյան) և շախմատով։ Եր­կու սպորտաձևից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդ­գրկ­վել է Երևանի պետական հա­մալսարանի սուսերամարտի հավա­քա­կա­նի կազմում։ Վերջին 15 տա­րի­ներին նրա սիրելի զբաղմունքն այգե­գոր­ծությունն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական