ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա բրիֆինգ ժամանակ տեղեկացրել է, որ դեսպան Ռիքերը լքում է իր պաշտոնը։
«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին որպես Կովկասյան բանակցությունների ավագ խորհրդական։ Նա դադարեցնում է իր պաշտոնավարումը հունվարի 5-ին։ Նրա աշխատանքը այս պաշտոնում նպաստել է Կովկասյան բարդ տարածաշրջանում խաղաղության կառուցման գործընթացին։ Նրա ներդրումը վերահաստատում է այն, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի երկկող բանակցությունները կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչպես նաև մեր առաջնահերթությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
Դեռևս նախորդ տարվա օգոստոսին, երբ դեսպան Ռիքերը նշանակվեց այս պաշտոնում, գիտեինք և ակնկալում էինք, որ դա կարճաժամկետ է լինելու։ Նրա հեռանալը, սակայն, որեւէ կերպ չի խաթարում ԱՄՆ-ի հանձնառությունը Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության, ժողովրդավարության և զարգացման ապագայի հարցում։ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ երկկողմ շփումներում, այդ թվում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ միասին, աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության կայացմանը և լուծումներ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից ծագող խնդիրներին։
Դեսպան Ռիքերի դիվանագիտական կարիերան կենտրոնացել է ամենաբարդ մարտահրավերի վրա։ Մենք կկարոտենք նրան, և հաջողություններ ենք մաղթում իր կյանքի հաջորդ շրջափուլում»: