Քաղաքական

«Գլոբալ բախումը անհավանական չէ». Մ. Հայրապետյան

«Գլոբալ բախումը անհավանական չէ». Մ. Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հասարակական գործիչ Միքայել Հայրապետյանն է։

-Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ինչպիսի՞ տարի էր 2022-ը։

-2022-ը դարձավ ամենատագնապահարույց և արյունոտ տարին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Եվրոպա աշխարհամասում կրկին միմյանց են ոչնչացնում նույն քաղաքակրթության ազգերը, մինչդեռ մոլորակը վերջերս հատեց 7 միլիարդի սահմանը՝ այլ քաղաքակրթությունների աճի հաշվին:

-Քաղաքական առումով ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում 2023-ին։

-Հավանական է գլոբալ բախումը, որի մեջ, ցավոք, կարող է ներքաշվել ու կրակների մեջ ճարճատել նաև մեր տարածաշրջանը: Ափսոս, որ մեր երկիրը դատապարտված է լինելու հանդես գալ հակաքաղաքակրթության ճամբարում, եթե ԱՄՆ-ին չհաջողվի կասեցնել մեծ պայթյունը: 2023-ին մեր երկիրն՝ իր իշխանական, «ընդդիմադիր» ու «կիսաընդդիմադիր» թևերով, շարունակելու է սպասարկել ռուսական սցենարը. այս ֆոնին միանգամայն երկրորդական է, թե հատկապես որ մեկը կլինի ՀՀ սատրապը: Իսկ եթե հանկարծ ազատ աշխարհին հաջողվի կասեցնել մեծ պայթյունը, և Ռուսաստանի ժողովուրդն էլ վերջապես ընտրություն կատարի դեպի իր հարազատ քաղաքակրթական արեալ, ապա Հայաստանին սպասվում են պայծառ հորիզոններ:

-Որոնք պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի առաջնահերթությունները 2023-ին։

-Առաջին առաջնահերթությունը (մի տեսակ կրկնաբանություն ստացվեց, չէ՞) պետք է լինի հոգևոր անվտանգությունը, որը միանգամայն բարձիթողի վիճակում էր նախընթաց տարիներին: Բայց լիահույս չեմ, թե մեր թութակային վերնախավի միտքը զորելու է հոգևոր անվտանգությանը ևս չվերաբերել գավառական խրտնածությամբ: Երանելի կլիներ, որ որպես առաջնահերթություն գիտակցվեր նաև ազգ-բանակ մոտեցումը, և ըստ այդմ կատարվեին բոլոր ոլորտների բարեփոխումները. առաջին հերթին՝ կրթության և արտաքին քաղաքականավարման:

-Ինչպե՞ս եք սովորաբար նշում Ամանորը և ու՞մ հետ։

-«Շնորհակալություն» նոր իշխանություններին. ես 2018թ.-ից ի վեր Ամանորը դիմավորում եմ բացարձակ միայնության մեջ, ինչպես և տարվա մնացյալ օրերը: Ամենևին չեմ տրտնջում:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը։

-Աղոթում եմ և մաղթում, որ ոչ մի մայր այլևս չկորցնի իր զավակին: Մաղթում եմ, որ մեր երկրի ընտրանին Ես-ի անհատական մակարդակից զատ ունենա նաև հանրային Ես-ի մակարդակի գիտակցում և զգացողություն, վերջապես հասկանա, որ ոչ միայն հացով է ապրում Մարդը, այլև իդեաներով և իդեալներով: Մաղթում եմ, որ Կովկասի ժողովուրդներս վերջապես գիտակցենք, որ մենք հավասարապես խաղաքար ենք ուրիշների խաղում և հավասարապես զոհ ենք լինելու գալիք ճապաղիքում, որքան էլ փորձենք խորամանկաբար ինչ-որ բան փախցնել. ուրեմն, երկուհարյուրամյա կատարվածին այլ դիտանկյունից նայելու հրամայականը հավասարապես վերաբերում է բոլորիս: Առողջ հոգի և առողջ մարմին եմ մաղթում բոլորիս: Բայց ինձնից լավ, ահա, Զահրատն է իմ փոխարեն մաղթում. և սա՛ է մաղթանքս.

«Կաղանդի ծառ մը շտկելու համար

Երկու բան պէտք է՝

Նախ ծառ մը, յետոյ զարդեր ծառին վրայ:

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Երեք բան պէտք է.

Ծառէն, զարդէն զատ՝

Հաւատքը գալիք աղուոր օրերու:

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —

Ատիկա խիճերն ադամանդ կարծող

Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է:

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ:

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք»:

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական