Անցած 2022 թվականը Radar Armenia-ի հետ զրույցում ամփոփել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
-Աշխարհաքաղաքական զարգացումների առումով ինչպիսի տարի էր 2022 թվականը Հայաստանի և տարածաշրջանի համար։
-2022 թվականը թե Հայաստանի, թե ռեգիոնի, թե ամբողջ աշխարհի համար, բնականաբար, վատ իմաստով յուրահատուկ էր ուկրաինական պատերազմի բռնկումով, որը, ձևով լինելով պատերազմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, դե ֆակտո պատերազմ է ՌԴ-ի և Արևմուտքի միջև։ Եվ այս պատերազմը, մեծ հաշվով, երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի էպիկենտրոնային, օջախային իրողությունն է, որը գործնականում տարածվում է բոլոր ռեգիոնների վրա։ Եվ այստեղ դերակատարներն, անշուշտ, չեն սահմանափակվում միայն Արևմուտք-Ռուսաստան երկու բևեռներով։ Խաղացողները շատ են ոչ միայն տարբեր ուղղություններով, այլ նաև Արևմուտքի շրջանակում կան տարբեր բևեռներ։ Գործնականում Հայաստանը և ռեգիոնն ամբողջ տարվա ընթացքում զգում էին այդ պատերազմի հետևանքը։
-Ներկա մարտահրավերների պայմաններում որո՞նք պետք է լինեն Հայաստանի առաջնահերթությունները 2023-ին։
-2023 թվականի համար Հայաստանի առանցքային խնդիրը շարունակում է լինել անվտանգության հարցերում կառավարելիության ապահովումը։ Երբ խոսում ենք անվտանգության մասին, նկատի ունենք ոչ միայն Հայաստանի 29․800 կմ²-ը, այլ նաև Արցախը։ Եվ այդ տեսանկյունից խնդիրները մեծ հաշվով անփոփոխ են և շարունակում են լինել հրատապ նաև 2023-ի համար՝ անվտանգության մեխանիզմների դիվերսիֆիկացիա, տարբեր երկրների հետ արտաքին հարաբերությունների խորացում։ Այս առումով պետք է արտաքին տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն, որովհետև դիվանագիտական ներուժի և ինքնիշխանության հիմքը տնտեսական կարողություններն են։ Նաև աշխարհակարգային պայքարն է տնտեսական ռեսուրսների համար։ Մյուս ուղղությունը ներքին կյանքում որակական փոփոխություն և արդիականություն ապահովելն է ինչպես տնտեսական, այնպես էլ հասարակական-քաղաքական հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացման, քաղաքական համակարգի վերափոխման առումներով։ Սրանք Հայաստանի համար «ավանդական» խնդիրներ են, և շարունակում է արդիական մնալ այս ուղղությամբ արդյունավետ քայլերի իրականացումը։
-Ըստ Ձեզ՝ 2023-ին հնարավոր կլինի՞ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նախադրյալներ տեսնու՞մ եք։
-Խաղաղության պայմանագրի առումով չեմ տեսնում նախադրյալներ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան տիրույթում եղած անհամաձայնությունների առումով, այլ նաև այսպես կոչված հիբրիդային բնույթով ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում։ Ռեգիոնը շարունակելու է գտնվել դրա ազդեցության ներքո։ Իսկ այդ պատերազմը, գոնե առայժմ, թույլ չի տալիս խոսել տեսանելի կայունացման նախադրյալների մասին։ Այս պահին իրատեսական չեմ համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իհարկե, որևէ բան պետք չէ բացառել, բայց առայժմ հիմքեր չկան՝ խոսելու երկարաժամկետ, կայուն և անվտանգ ռեգիոն ձևավորելու համաձայնությունների մասին։ Այս առումով եմ շեշտում, որ առաջնահերթությունը պետք է լինի մարտահրավերների կառավարելիության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը։
Հայկ Մագոյան