Քաղաքական

«Քաղաքական գործընթացների վրա ազդել շատ դժվար է». Ժաննա Ալեքսանյան

«Քաղաքական գործընթացների վրա ազդել շատ դժվար է». Ժաննա Ալեքսանյան

Radar Armenia-ի հետ զրույցում անցած 2022 թվականն ամփոփել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

-Իրավական առումով ինչպիսի՞ տարի էր 2022 թվականը։ Քաղաքացիների իրավունքները ավելի պաշտպանված էր 2021-ի՞ն, թե՞ 2022-ին։

-Այն կարծիքին եմ, որ իրավունքները այսօր ավելի շատ են խախտվում, եթե համեմատենք նախորդ տարվա հետ և հեղափոխությունից հետո՝ առհասարակ։ Խախտումները շատանում են, որովհետև համակարգերը չեն փոխվել՝ ոչ դատական համակարգը, որևէ համակարգ, որտեղ մարդը կարող է լիակատար իրացնել իր իրավունքը։ Եվ այդ համակարգերը չեն ծառայում քաղաքացու իրավունքները պաշտպանելուն։ 

-Որո՞նք են Ձեր ակնկալիքները 2023-ից։

-Այլևս ակնկալիքների մասին դժվարանում եմ խոսել, որովհետև չեմ տեսնում այն աշխատանքները, բարեփոխումները, որ խոստանում է իշխանությունը՝ չեն կատարվում։ Օրինակ, եթե խոստանում է, որ ոստիկանական համակարգը բարեփոխվելու է, կամ պարեկային ծառայությունը բարեփոխվել է, դրան զուգահեռ մենք պարբերաբար լսում ենք պարեկային ծառայության տարբեր աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու մասին։ Եթե իրենք ասում են՝ դատական համակարգը բարեփոխելու են, հետո, այսպես ասած, ընտրության առջև են կանգնում՝ բարեփոխե՞լ դատական համակարգը, թե՞ ընտրել Մնացական Մարտիրոսյանին՝ վարկաբեկված մի դատավորի, որն էլ գերադասեցին անել։ Իրենք նախընտրեցին առաջ տանել և պահպանել Մնացական Մարտիրոսյանին։ Շատ լավ հիշում ենք, որ վարչապետն իշխանության գալուց հետո հայտարարում էր, որ ՄԻԵԴ ուղարկված գործերով այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինի դատավճիռներ էին կայացրել՝ պետք է հեռանան համակարգից։ Բայց ամենահայտնի դատավորներից էր Մնացական Մարտիրոսյանը, որը, ինչպես գիտեք, տեղ է զբաղեցնում՝ հակակոռուպցիոն բարձրակարգ դատավորի կարգավիճակ է ստացել։ Կամ երբ ԿԸՀ-ի նախագահ է ընտրվում ՔՊ կուսակցության անդամը, վարչապետի մտերիմը, նախկին աշխատակիցը, կուսակիցը, դա ի՞նչ հույս պետք է տա, որ հաջորդ ընտրությունները կարող է ավելի լավ անցնել։ Այդ պատճառով՝ էլ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։ Ակնկալիքները դնում ենք այն աշխատանքի վրա, որ մենք անում ենք։ Եթե կարողանում ենք պաշտպանել 10 մարդու իրավունք, դա ևս համարում եմ հաջողություն այս իրականության մեջ։

-Իրավական գերակայությամբ պետություն ունենալու համար որո՞նք պետք է լինեն հանրության քայլերի հաջորդականությունն ու առաջնահերթությունները։

-Իհարկե, այստեղ հանրությունը և մամուլը նույնպես շատ մեծ դեր ունեն՝ գործընթացների վրա ազդելու տեսանկյունից։ Նրանք պետք է պահանջեն և բարձրաձայնեն այս խնդիրների մասին։ Մի շարք հասարակական կազմակերպություններ կան, քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց չափով անում են աշխատանքներ։ Օրինակ, զլմ-ները՝ բարձրաձայնելով։ Մենք հրապարակայնացնելով են պաշտպանում մարդու իրավունքները։ Եվ եթե մեր հրապարակումները հանրային մեծ արձագանք են ստանում, այդ գործերը ավարտվում են հաջողությամբ։ Հասարակության խիստ արձագանքը կարող  է շատ մեծ դեր ունենալ մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Հանրությունը պետք է կարողանա ազդել գործընթացների վրա։ Սա պետք է լինի հանրության անելիքը։ Իհարկե, քաղաքական գործընթացների վրա ազդել շատ դժվար է, բայց մարդու իրավունքների տեսանկյունից՝ հնարավոր է։

Հայկ Մագոյան

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական