Քաղաքական

«Այսօր ընդդիմությունը լիովին ջախջախված է». քաղաքագետ

«Այսօր ընդդիմությունը լիովին ջախջախված է». քաղաքագետ

Անցած 2022 թվականը Radar Armenia-ն ամփոփել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։

-Ամփոփելով 2022 թվականը՝ ինչպիսի՞ն կբնութագրեք այն քաղաքական առումով։

-Քաղաքական առումով տարին  բավական ծանր էր։ Պետք է նշեմ, որ ներքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հասնել նրան, որ այսօր ընդդիմությունը լիովին ջախջախված է։ Եվ ընդդիմությունը չկարողացավ իրագործել իր օրակարգը՝ իշխանափոխությունը։ Եվ այսօր հիմքեր չկան, որ կարող է ընդդիմության ջանքերով իշխանափոխություն տեղի ունենալ։ Ցավոք, արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը չունեցավ նույն հաջողությունները։ Մենք ունեցանք ծանր բախումներ սահմանին՝ 200-ից ավելի զոհեր, որը այդ քաղաքականության ամենավատ հետևանքն էր։ Կարելի է նշել, որ, մեծ հաշվով, 2022-ին արտաքին քաղաքականության մեջ որևէ հաջողություն և նվաճում չունեցանք։

-Ի՞նչ զարգացումներ սպասենք մեր տարածաշրջանում 2023-ին։ Ըստ Ձեզ՝ հնարավոր կլինի՞ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

-Այսօրվա տուրբուլենտ աշխարհում և շատ բուռն աշխարհաքաղաքական իրողություններում մեկ տարվա կտրվածքով կանխատեսում տալ անհնար է։ Կարող եմ նշել, որ կարող ենք հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց հարց է, թե ինչ գնով։ Այն գնով, որն այսօր մեզ առաջարկում է Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, կարծում եմ՝ Հայաստանի համար այդպիսի պայմանագիրն ընդունելի չէ։ Եվ դա կլինի պարզապես ժամանակավոր զինադադար, որոշ ժամանակ պատերազմ չի լինի, կլինի հետո։ Ադրբեջանի հետ ստանալ խաղաղության պայմանագիր Արցախի, անկլավների և «Զանգեզուրի միջանցքի» գնով՝ ևս անընդունելի է։ Եթե այդ պայմաններով է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը, ուրեմն՝ չի ստորագրվի։ Պետք է լուրջ աշխարհաքաղաքական շարժ տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանը նման լուրջ պահանջներից հրաժարվի՝ մասնավորապես միջանցքի, սահմանազատման-սահմանագծման մասով, որպեսզի խաղաղության պայմանագիրը դառնա իրականություն։

-Որո՞նք պետք է լինեն 2023-ի քաղաքական առաջնահերթությունները։

-Կարծում եմ՝ 2023 թվականի թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի պետականաշինությունը։ Պետք է լուրջ ռեֆորմներ անել պետական համակարգում։ Պետք է անցում կատարել խորհրդային բանակից՝ հին ռուդիմենտալ համակարգից նոր համակարգի, որպեսզի այդ բանակը պատասխանի այն հարցերին, մարտահրավերներին, որոնք տալիս է մեզ 21-րդ դարը։ Մենք այս իրավիճակով չենք կարող շարունակել պատերազմել Ադրբեջանի հետ, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը կամաց-կամաց լուրջ քայլեր է անում Թուրքիայի հետ։ Այնպես որ, դա մեզ համար շատ կարևոր է։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ պետք է նորից վեկտորի փոփոխություն անել։ Շարունակել Հայաստանի զարգացումը կապել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ՝ անլուրջ է։ Սա որևէ բան Հայաստանին տալ չի կարող։ Այնպես որ, պետք է դիվերսիֆիկացնել քաղաքականությունը, որը հետո պետք է դառնա թիվ մեկ թիրախը՝ դեպի Արևմուտք, Հնդկաստան, Չինաստան, արաբական աշխարհ և բոլոր ուղղություններով։ Ոչ ոք չի ասում, որ պետք է միայն Արևմուտքի ուղղությամբ գնալ։ Բայց շարունակել գտնվել ռուսական քաղաքականության ծիրում՝ ավելի ենք մտնում փակուղի, և 2022 թվականը դրա վառ ապացույցն էր։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական