Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
-Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, այնուհետ ՌԴ նախագահը առանձնազրույց ունեցավ ՀՀ վարչապետի հետ։ Ի՞նչ տպավորություն ունեք հանդիպումից։
-Սանկտ Պետերբուրգի հանդիպումից միայն լրատվական նյութ է հրապարակվել, այլ տեղեկատվություն չկա։ Հաշվի առնելով դա՝ շատ դժվար է մեկնաբանել, թե այնտեղ առանցքային, բովանդակային առումով ինչ խնդիրներ են քննարկվել։ Բայց Բայրամովի՝ դրան հաջորդած հայտարարությունը, որ իրենք համաձայն չեն ԼՂ հարցը ապագա սերունդներին թողնել, նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է արագ ու վերջնականապես լուծել խաղաղության օրակարգը՝ իրենց կողմից ներկայացված 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա։ Բայրամովի հայտարարության հիմնական միտքն այն էր, որ շտապողականություն են ցուցաբերում, թեև պարզ է, որ այդ հանդիպմանը քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը, բայց, ըստ էության, դա կապվել է խաղաղության օրակարգի հետ։ Սա ճնշման միջոց է, որով ուզում են վերջնականացնել խաղաղության պայմանագիրը։
-Ինչպես նշեցիք, Բայրամովը հայտարարել է, որ ԼՂ հարցը ապագային թողնելու՝ ՌԴ առաջարկն անընդունելի է։ Սա ի՞նչ է նշանակում, որ Բաքուն համաձայն է վաշինգտոնյան կամ կոլեկտիվ Արևմուտքի մոդերատորության ներքո՞ շարունակել բանակցությունները։
-Չեմ կարծում, թե Բաքուն համաձայն է հավաքական Արևմուտքի մոդերատորությամբ նոր բանակցային գործընթաց սկսելուն։ Ընդհակառակն, Բաքուն շտապում է եռակողմ ձևաչափով հարցը լուծել։ Թեև տարբեր հայտարարություններ կան, բայց հիմնական փաստաթուղթը 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարություն է՝ իր ածանցյալ հայտարարություններով։ Եվ հենց այս ձևաչափով է, որ Բաքուն ցանկանում է խաղաղության նախագիծն իրականություն դարձնել՝ դրան տալով իրավապայմանագրային բնույթ, որը կունենա նաև միջազգային վավերացում կամ ճանաչում։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ այլ ձևաչափերի Բաքուն համաձայն կլինի։ Բաքուն շտապում է, որովհետև եռակողմ ձևաչափն աշխատում է, և Ադրբեջանն ուզում է այս համատեքստում խնդիրը լուծել։ Չմոռանանք՝ հիմնական պայմանավորվողները Մոսկվան և Անկարան են։
-Լաչինի միջանցքը 18 օր շարունակում է փակ մնալ։ Ըստ Ձեզ՝ ռուսական կողմն ինչու՞ գործուն քայլեր չի ձեռնարկում ճանապարհը բացելու համար՝ հաշվի առնելով, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրել է ՌԴ-ն և 6-րդ կետով պարտավոր է անխոչընդոտ երթևեկություն ապահովել։
-Ճիշտ նշեցիք 6-րդ կետը։ Եվ ամբողջ խնդիրն այն է, որ 9-րդի և 6-րդի համաժամանակյա, համընթաց իրականացումն է առաջադրվում։ Եթե այստեղ Ադրբեջանը շահագրգռված է «միջանցք միջանցքի դիմաց» կամ անցակետերով «ճանապարհ կարգավիճակի դիմաց» տրամաբանությամբ, ապա Ռուսաստանը շահագրգռված է, որ երկու «միջանցքները»՝ ռազմավարական նշանակության երկու կենսաճանապարհներն, ինքը վերահսկի։ Ինչպես 6-րդ, այնպես էլ 9-րդ կետերում խոսվում է անվտանգային համատեղ ծառայությունների մասին։ 6-րդ կետի դեպքում ռուսական և ադրբեջանական, իսկ 9-րդի դեպքում՝ ռուսական և հայկական։ Պետք է նկատել, որ երկու ճանապարհները վերահսկվելու են հիմնականում Ռուսաստանի զինված ուժերի կողմից։
Հայկ Մագոյան