Radar Armenia-ի զրուցակիցն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
-Եթե ամփոփեք 2022 թվականը, այն ինչպիսի՞ տարի էր ձեր և ձեր քաղաքական թիմի համար։
-Չեմ կարևորում տարին իմ կամ իմ քաղաքական թիմի համար, որովհետև առաջնայինը ձեռքբերումների և անվտանգության ապահովման տարի պետք է լինի մեր երկրի համար: Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված բարդ իրադրության, ադրբեջանական հարձակումների և չավարտվող ագրեսիայի պայմաններում ժամանակ ու ռեսուրս էլ չկա մտածել սեփական թիմի կամ «ես»-ի մասին:
-Ի՞նչ հաջողություններ ու ձեռքբերումներ գրանցեց ձեր քաղաքական թիմը 2022-ին։
-Քաղաքական թիմի, հասարակության, հավաքական հայ ժողովրդի հաջողություններն ու ձեռքբերումները կախված են երկրի ընթացքից, անվտանգություն և բնականոն կյանք փնտրող մեր հայրենակիցների տրամադրությունից: Հայաստանը 2022-ին շարունակեց 2020 թվականի պարտությունների շղթան, ինչը բերեց հսկայական մարդկային ու տարածքային կորուստների: Անկեղծ ասած՝ առկա իրողությունների պայմաններում լավատեսությունը վաղուց իր տեղը զիջել է դառը իրականությանը, իսկ այսքան զոհերի ու կորուստների պայմաններում լավի արձանագրում չի կարող լինել:
-Որո՞նք են լինելու ձեր քաղաքական թիմի առաջնահերթությունները 2023-ին։ Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ։
-Անելիքների ձևակերպումն ամենակարճն է՝ առաջնային օրակարգը շարունակում է մնալ երկրում արմատական փոփոխությունների իրականացումը, ինչն առանց գործող իշխանության հեռացման չի կարող լինել: Պարտությունների շարքը շարունակվում է, որովհետև երկրի ղեկին գտնվող քաղաքական թիմն ու նրա ղեկավարը շարունակում են տապալել, և ժամանակն արդեն ցույց է տվել, որ այս իշխանությունը քաղաքական ապագա չունի, ավելին, քանի նրանք քաղաքական որոշում կայացնող են, երկիրը շարունակելու է գահավիժել:
-Քաղաքական առումով ի՞նչ սպասելիքներ ունեք 2023 թվականից։
-Իմ գնահատմամբ՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը ոչ միայն պահպանվելու է, այլև նոր՝ ավելի ծանր դրսևորումների սպառնալիք է ստեղծելու: Սա նշանակում է, որ պետք է պատրաստվել իրադարձությունների զարգացման բարդ սցենարների, իսկ դիմակայության արդյունավետությունը նախ կախված է գործող իշխանության քայլերից, որի հետ կապված լավատեսություն դժվար է ունենալ: Ժամանակն ու իրադարձությունները ցույց են տվել, որ գործող իշխանությունը իրադրությանը համարժեք գործելու կամք և ցանկություն չունի, համենայնդեպս, տարբեր ճգնաժամային իրավիճակներում այն որևէ ձևով չի արտահայտվել:
Հայկ Մագոյան