ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022թ. ընթացքում 6 հանդիպում են ունեցել։
Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակագրությունը։
Եվ այսպես, 2022-ի առաջին հանդիպումը փետրվարի 4-ին էր, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր էին փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահմանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանն այդ հանդիպմանն անդրադարձել էր ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Քննարկվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն, մինչև ապրիլի վերջ, ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումը մայիսի 22-ին էր՝ Բրյուսելում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Փաշինյանն ու Ալիևը չորրորդ անգամ հանդիպել էին օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպմանը քննարկվել էր գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ևս մեկ հանդիպում ունեցել էին 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, Ֆրանսիայի նախագահի և Եվրոխորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Փաշինյանն ու Ալիևը 2022-ին վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում, եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ։ Ընդունվել էր ևս մեկ եռակողմ հայտարարություն։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում էին՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Այս անգամ, սակայն, նրանք հանդիպում չեն ունեցել, փոխարենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների ղեկավարների հետ առանձին հանդիպումներ է անցկացրել։
Հայկ Մագոյան