Radar Armenia-ն առանձնացրել է 2022-ի ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։
Եվ այսպես, 2022 թվականի հունվարի 23-ին հրաժարական տվեց հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ մարտի 3-ին 5-րդ նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Ընտրվելուց 10 օր անց՝ մարտի 13-ին, Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց իր պաշտոնական պարտականությունները։
2022-ի գարնանը ընդդիմությունը հայտարարեց գործող իշխանություններին հեռացնելու նպատակով պայքարի մեկնարկի մասին։ Ապրիլի 25-ին ընդդիմությունը սկսեց փողոցային ակցիաներ, հանրահավաքներ, ցույցեր, բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը, բայց, ի վերջո չհասնելով ցանկալի արդյունքի, աշնանը վերադարձավ ԱԺ։
Խորհրդարանական ընդդիմությունը ձևափոխումների ենթարկվեց. նախ՝ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին, ապա՝ Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը։ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն էլ հայտարարեց ԱԺ-ում գործունեության դադարեցման մասին, Վահե Հակոբյանն ու իր կուսակցության պատգամավորները լքեցին խորհրդարանը։
30 տարի փակ սահմաններով և դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցան հուլիսի 11-ին։ Նրանք ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։
Արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպեցին Փաշինյանն ու Ռեջեփ Էրդողանը։ Սա վերջին 13 տարում Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Օգոստոսի 14-ին պայթյուն, ապա հրդեհ տեղի ունեցավ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում. զոհվեց 16 անձ, վիրավորում ստացավ 62 քաղաքացի, մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Տեղի ունեցածի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Երևանի ավագանին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ որոշում ընդունեց մասնավոր անձանց կողմից Երևանում հրավառությունների իրականացումն արգելելու մասին։
Անցնող տարին ուշագրավ էր նաև քրեական գործերի բազմազանությամբ։ Օգոստոսի 30-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Իսկ սեպտեմբերի 2-ին մեղադրանք առաջադրվեց ՊԲ մեկ այլ նախկին հրամանատարի՝ Ջալալ Հարությունյանին։ Երկու դեպքում էլ մեղադրանքներն առնչվում էին 2020-ի պատերազմի ժամանակ պաշտոնական պարտականություններն անփույթ կատարելուն։
2022-ն առանձնացավ հատկապես հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ակտիվությամբ, որն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 13-ի, լույս 14-ի գիշերը։ Ադրբեջանը ռազմական լայնածավալ ագրեսիա սանձազերծեց միանգամից երեք ռեգիոնների՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղությամբ։ Ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածք և, օկուպացնելով դրանց մի մասը, առաջխաղացում գրանցեցին հատկապես Ջերմուկի ուղղությամբ։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 224 զոհ տվեց։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագումար անցկացրեց, ընտրվեց նոր վարչություն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորեց կուսակցության վարչությունը։
Սեպտեմբերյան մարտերից հետո՝ հոկտեմբերի 27-ին, ԵՄ շուրջ 40 դիտորդ ժամանեցին Հայաստան, որպեսզի երկու ամսով հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնեն։
Սեպտեմբերի 18-ին Հայաստան այցելեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին. նա Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկեց հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Նոյեմբերի 23-ին էլ Հայաստան էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նա նաև առանձնազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Անցնող տարվա կարևոր իրադարձություններից մեկն էլ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպանների» կողմից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի փակումն էր, որը հումանիտար ճգնաժամ առաջացրեց Լեռնային Ղարաբաղում։
Հայկ Մագոյան