Radar Armenia-ն 2022 թվականն ամփոփել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։
-Քաղաքական առումով ինչպիսի՞ տարի էր 2022 թվականը։
-Ցավոք սրտի, 2020 թվականից հետո գնալով ավելի ծանր և չընդհատվող կորուստների շարք է մեզ հետ պատահում։ Այս առումով 2022-ը 2020-ից հետո ամենածանր տարին էր։ Մենք ավելի վատ վիճակում ենք հիմա, քան 2020 թվականի նոյեմբերի 10-ին։
-2022-ին ի՞նչ հաջողվեց ձեր քաղաքական թիմին, ի՞նչ ձեռքբերումներ կան։
-Ցավոք, չհաջողվեց հեռացնել իշխանություններին, որի հետևանքով էլ նաև այս կորուստներն են։ Երբ չկա այս ձեռքբերումը, մնացած ամեն ինչ, այդ թվում, իմ խորին համոզմամբ, Ալիևի և Էրդողանի պնդմամբ՝ կապիտուլյացիայի հետաձգումը մեծ ձեռքբերում չի երևում Հայաստանում այս պահին տիրող իրավիճակի ֆոնին։
-Ի՞նչ ակնկալիքներ կան 2023 թվականի ընթացքում։
-Քանի որ Հայաստանն անընդհատ արթնանում է նոյեմբերի 9-10-ի գիշերը, և դրանից առաջ մեզ քայլել չի հաջողվում, ակնկալիքը նույնն է, ինչ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հաջորդ վայրկյանից՝ փոխել իրավիճակը, նոր հնարավորություններ տալ Հայաստանին, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։
-Ինչպե՞ս եք սովորաբար նշում Ամանորը։
-2020-ից այս կողմ Ամանորը չեմ նշում։ Անցած տարի դիմավորել եմ Արցախում, և դրանք լավագույն օրերն էին 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Հույս ունեմ, որ այս տարի ևս կկարողանամ տոնական օրերին լինել Արցախում։
-Ո՞րն է ձեր մաղթանքը մեր հայրենակիցներին։
-Ինձ և իմ հայրենակիցներին մաղթում եմ իմաստնություն, ամրություն և հավատ սեփական ուժերին։
Հայկ Մագոյան