Քաղաքական

«Ընդդիմության հետ աշխատելու դաշտ կա». Սոնա Ղազարյան

«Ընդդիմության հետ աշխատելու դաշտ կա». Սոնա Ղազարյան

2022-ին խորհրդարանում կատարված աշխատանքների, 2023-ին ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության և այլ հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։

-Եթե կարճ ամփոփենք 2022 թվականը, քաղաքական առումով ինչպիսի տարի էր։

-2022 թվականը մարտահրավերներով լի և հստակ տեսլականներով տարի էր։

-Ի՞նչ կարևոր նախագծեր կային, որոնք կիսատ մնացին 2022-ին և պետք է իրականացնեք այս տարի։

-Եթե ավելի լայն կոնտեքստում նայենք, խաղաղության հաստատումն է և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Եթե ավելի նեղ, անձնական աշխատանքի մակարդակով դիտարկենք, «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի» ընդունումն է, որն արդեն անցել է հանրային լայն քննարկում տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ և արդեն պետք է մտնի խորհրդարան։ Հաջորդը միջազգային կառույցների հետ աշխատանքն է։ Իմ պարագայում՝ ԵԽԽՎ-ն, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը և հայ-լուքսեմբուրգյան հարաբերություններն են։ Փետրվարին բարձր մակարդակով այց եմ ակնկալում։ Նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ուղղությամբ աշխատանքներն են։ Վերջերս եմ վերադարձել Ֆրանսիայից, որտեղ հանդիպումներ եմ ունեցել Սենատում և Ազգային ժողովում, և, անվտանգային հարցերից զատ, խորհրդարանների միջև համագործակցությունների հաստատման համաձայնություն է ձեռք բերվել՝ ավելի լայն օրակարգով, որոնցից են ժողովրդավարության ինստիտուցիոնալիզացումը, ինչպես նաև կանանց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր։

-2023-ին ինչպե՞ս եք պատկերացնում իշխանության և ընդդիմության աշխատանքը խորհրդարանում։

-Իմ մոտեցումն այս առումով չի փոխվել։ Կարծում եմ, որ ընդդիմության հետ աշխատելու դաշտ կա, եթե նրանք փորձեն ավելի կառուցողական լինել, ինչպիսին փորձում են լինել, օրինակ, պատվիրակություններում, երբ միասին գործուղվում ենք։ Բայց պետք է նշեմ, որ այս առումով խորհրդարանում աչքի չեն ընկնում իրենց կառուցողական դիրքորոշմամբ։ Կարծում եմ, որ այս առումով «Քաղաքացիական պայմանագիր»-ը քայլեր անում է, որպեսզի ստացվի երկխոսություն, և խորհրդարանը գործի իր բնականոն հունով։ Կարծում եմ՝ հնարավոր է 2023-ին գան աշխատանքի՝ ավելի ճիշտ և նորմալ գրաֆիկով։

-Ի՞նչ եք մաղթում մեր հայրենակիցներին։

-Այս պահին միակ ցանկությունս խաղաղությունն է և այս համատեքստում բոլոր անվտանգային հարցերի կարգավորումը, որի ուղղությամբ մենք աշխատել և աշխատելու ենք առանց հանգստի. խորհրդարանականներն՝ իրենց դիվանագիտական լծակներն օգտագործելով, գործադիր իշխանության ներկայացուցիչներն՝ իրենց գործիքակազմով։ Այս առումով մեն արձակուրդ չենք ունենալու։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական