Քաղաքական

«Պետք է վերջ տանք նախկին-ներկա հասկացություններին ու գնանք առաջ». Գեղամ Նազարյան

«Պետք է վերջ տանք նախկին-ներկա հասկացություններին ու գնանք առաջ». Գեղամ Նազարյան

Radar Armenia-ն 2022թ. ամփոփել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։

-«Հայաստան» դաշինքի և ձեզ համար ինչպիսի տարի էր 2022 թվականը։

-Ես չեմ ուզում տարանջատել «Հայաստան» դաշինքին, ինձ, Հայաստանը։ Ընդհանուր առմամբ՝ տխուր, մտահոգություններով ու խնդիրներով լի տարի էր, որը խնդիրներն ավելացրեց, լուծումներ չտվեց, որևէ փոքր ու մեծ խնդիր էլ չկարողացանք լուծել։ Եվ մեկ կորցրած տարի եմ համարում մեր ազգի, պետության համար։

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023-ից, և որոնք են նախանշած առաջնահերթությունները։

-2023-ին մենք պետք է փորձենք անել այն, ինչ պիտի անեինք հետպատերազմական  առաջին ամիսներին։ Այսինքն, փորձենք սթափվել, ճիշտ գնահատել իրավիճակը և անդադար աշխատանքով փոխել մեր պետության, ժողովրդի համար ստեղծված վիճակը։ Փոխենք այս հուսահատ, տեղ-տեղ ցինիկ վիճակը։ Եվ ամեն ինչ անենք, որ «ես-»-ը վերածվի «մենք»-ի։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը մեր ընդհանուր տունն է։ Ես անընդհատ կրկնել եմ ու էլի կրկնելու եմ։ Ամեն բան ունի իր օրենքները, իսկ մենք անընդհատ խուսափում ենք դրանից։ Հետպատերազմական առաջին օրենքը այն է, որ պատերազմում պարտված մարդը չի կարող ղեկավարել երկիրը։ Ինչպես նաև մենք պետք է մեր հարևաններին հասկացնենք, որ մենք ոչ Սյունիքից, ոչ Արցախից գնալու տեղ չունենք։ Սա մեր երկիրն է, մեր տունն է։ Եվ վերջապես, թող հասկանան՝ այն երազանքը, պետք է ՀՀ-ն ու Արցախը առանց հայերի տեսնեն, չի լինելու։ Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Հայաստանն աշխարհի ամենալավ տեղն է: Պետք է այս գաղջ վիճակից դուրս գանք։

-2023-ին ինչպես եք տեսնում իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը խորհրդարանում։

-Սա ստորջրյա խութեր ունեցող հարց է։ Հիմա որ ասեմ՝ երկխոսելու հնարավորություն տեսնում եմ, ասելու են՝ ուզում եք վարչախմբի հետ համագործակցել, իսկ եթե այդ հարցին պատասխանի վարչախմբի ներկայացուցիչներից մեկը և ասի՝ ընդդիմության հետ երկխոսության հնարավորություն տեսնում եմ, ասելու են՝ դուք այդ ստոր ընդդիմադիրների հետ  եք ուզում երկխոսել։ Մեզ մոտ շատ վատ մթնոլորտ է տիրում։ Երկխոսությունն այսպես եմ տեսնում՝ անդադար աշխատելու եմ այսօրվա գործող վարչախմբի ներկայացուցիչների հետ, որ իրենց համոզեմ, որ իրենք չեն կարող երկիրը ղեկավարել։ Մենք պետք է առաջ գնանք։ Պետք է վերջ տանք «նախկին»-ին ու «ներկա»-ին, քանի որ դա կեղծ ու վտանգավոր հասկացողություն է։ Չկա նախկին ու ներկա։ Ես ավելի ներկա եմ, քան իշխանության շատ ներկայացուցիչներ, որոնցից ոմանք 1991-ից իշխանության շարքերում են։ Այնպես որ, սև-սպիտակ, ներկա-նախկին, էլիտար-աղքատ հասկացություններին պետք է վերջ տանք, գնանք առաջ։ Մենք արտաքին այնքան մարտահրավերներ ունենք, որ կենտրոնանանք իրար ուտելու վրա՝ կվերջանանք-կգնանք։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական