Արտախորհրդարանական «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Radar Armenia-ի հետ զրույցում ամփոփել է 2022 թվականը։
-Քաղաքական առումով ինչպիսի՞ն էր անցած տարին։
-Կարելի է ասել՝ ծանր և քիչ արդյունավետ տարի էր, որովհետև այն հրապարակված նպատակները կամ քաղաքական օրակարգում քննարկվող հարցերը, որոնք վերաբերում էին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, հաղորդակցություններն ապաշրջափակելուն, տարածաշրջանում ռազմական էսկալացիան թուլացնելուն և որակապես այլ ստատուս-քվո ձևավորելուն, ի չիք դարձան։ Ճիշտ հակառակը, ՀՀ-ն սեպտեմբերի 12-ին ենթարկվեց հերթական ռազմական ագրեսիայի, որի հետևանքով կրեց տարածքային և մարդկային կորուստներ։ Ըստ էության՝ այսօր ստեղծված իրավիճակը խոսում է մի բանի մասին, որ մեծ առումով 2022 թվականը անարդյունավետ տարի էր։ Սա նշանակում է, որ Հայաստանի շուրջ ձևավորված արտաքին ռազմական մարտահրավերները դեռևս չեզոքացված չեն, և մենք չենք գտել Ադրբեջանի դեմ գործելու հակախաղը, ինչը մեզ զրկում է հավելյալ հնարավորություններից՝ թույլ չտալով հակաքայլերի միջոցով փորձել զսպել Ադրբեջանին։ Եթե մենք չհասանք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը կամ հաշտությանը, գոնե կարողանանք կառավարելի դարձնել թշնամանքը և նրանց ախորժակը։ Այսպիսի հնարավորություն ունենալու համար պետք է վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը։
-Ինչպե՞ս եք գնահատում արտախորհրդարանական ուժերի աշխատանքը 2022-ին։
-Մեր մասով կարող եմ ասել։ Ընդգրկված ենք եղել մի քանի քաղաքների ավագանու ընտրություններում և փորձել ենք մեր գործունեությունը ավելի տեսանելի դարձնել։ Հրապարակային դաշտում բավականին ակտիվ ենք եղել և փորձել ենք ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ արտահայտել մեր կարծիքը։ Իհարկե, դեռ անելիքներ կան։ 2023 թվականին մեզ համար ավելի լայն գործունեության պատուհան ենք ստեղծելու և փորձելու ենք ավելի ընդլայնված գործունեություն ծավալել։
-Ի՞նչ հստակ ծրագրեր կան, որ պատրաստվում եք իրականացնել 2023-ին։ Քաղաքական ի՞նչ նախանշած նպատակներ ունեք։
-Բնականաբար, քննարկվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ավելի մեծ քաղաքական այլընտրանք ձևավորելու խնդիրը։ Խորապես համոզված եմ, որ գործող խորհրդարանն ամենախայտառակ խորհրդարաններից մեկն է և չի արտացոլում մեր հանրային տրամադրությունները։ Ինչպես նաև համոզվել եմ, որ այդ ուժերը, անկախ նրանից՝ ինչ հարց է քննարկվում պառլամենտում, զբաղված են բացառապես փոխադարձ դավաճանության և կոռուպցիայի մեջ միմյանց մեղադրելով։ Այս քաղաքական ուժերը, որոնք այսօր հայտնվել են խորհրդարանում զուրկ են պետականաշինական որևէ գործառույթ իրականացնելու ցանկությունից և հնարավորությունից։ Եվ օրենսդիր իշխանությունը, որը պետք է իրավաստեղծ գործունեությամբ զբաղվեր՝ փորձելով փոխել մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները, այսօր, այդ ամենը թողած, զբաղված են գզվռտոցով։ Որպես արտախորհրդարանական ուժ՝ մեր խնդիրն է լինելու մեծացնել մեր քաղաքական ազդեցությունը և, նոր դաշնակիցներ ձեռք բերելու միջոցով, դառնալ իրական այլընտրանք գործող քաղաքական վերնախավին։
Հայկ Մագոյան