Քաղաքական

Ովքե՞ր 2022-ին վայր դրեցին պատգամավորական մանդատները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ովքե՞ր 2022-ին վայր դրեցին պատգամավորական մանդատները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2022-ին մի շարք պատգամավորներ վայր դրեցին իրենց մանդատը. նրանց մի մասը մանդատից հրաժարվեց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մի մասը նշանակվեց այլ պաշտոնի։ Radar Armenia-ն ներկայացնում է լիազորությունները դադարեցրած պաշտոնյաներին։

Եվ այսպես, հունվարի 11-ին մանդատները վայր դրեցին  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը։ Թևոնյանը նշանակվեց Արարատի, Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ։

 

Մայիսի 31-ին պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որն ընտրվեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Հունիսի 29-ին մանդատը վայր դրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա ղեկավարած կուսակցությունը հայտարարեց դաշինքից դուրս գալու մասին։

Հուլիսի 4-ին մանդատից հրաժարվեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը. նա նշանակվեց դատավոր։

Հուլիսի 15-ին պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Հոկտեմբերի 10-ին մանդատը վայր դրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը. նա ընտրվեց ԿԸՀ նախագահի պաշտոնում։

Իսկ հոկտեմբերի 29-ին մանդատը դրեց ԱԺ «Հայաստան»-ի պատգամավոր  Դավիթ Սեդրակյանը։

Դեկտեմբերի 2-ին մանդատը վայր դրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հայտարարելով փաստաբանական համայնք վերադառնալու մասին։

Դեկտեմբերի 6-ին մանդատները վայր դրեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությամբ խորհրդարան մտած 3 պատգամավոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը և Հռիփսիմե Ստամբուլյանը։ ՎՀԿ-ն նաև դադարեցրեց իր խորհրդարանական գործունեությունը՝ ըստ էության դուրս գալով «Հայաստան» դաշինքից։

Այս ամենից բացի, ԱԺ-ում կադրային կարևոր փոփոխություններ տեղի ունեցան. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ «Հայաստան» խմբակցությունից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հեռացվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Իսկ Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական