2022 թվականը Radar Armenia-ն ամփոփել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
-Եթե կարճ ամփոփեք 2022 թվականը, ինչպիսի՞ տարի էր առողջապահական համակարգի համար։ Ի՞նչ հաջողություններ գրանցեցիք 2022-ին։
-2022-ը զգալի, տեսանելի, շոշափելի բարեփոխումների տարի էր առողջապահական համակարգի համար: Որակի ռազմավարությունից մինչև մասնագետների շարունակական զարգացում, էլեկտրոնային առողջապահությունից մինչև ԱԱՊ օղակի բարեփոխումներ, զգալի ծավալների դեղապահովումից մինչև կապիտալ շինարարություն. սրանք այն ուղղություններն են, որոնք ներդրվել են 22-ին և շարունակվելու են առաջիկայում:
Մենք մեր առջև, հեռահար ծրագրերին, պլաններին զուգահեռ, կարճաժամկետ իրագործման խնդիրներ ենք դրել, որոնք կարողացել ենք իրագործել 2022-ին: Առողջապահությունն այն համակարգն է, որի բարեփոխումները քաղաքացին փուլ առ փուլ զգալու է:
- Առողջապահությունն ամենակարևոր ոլորտներից է։ Որո՞նք են լինելու 2023թ. առաջնահերթությունները՝ այս ոլորտն ավելի հասանելի, արդիական դարձնելու տեսանկյունից։
-Առողջապահության համակարգի բարեփոխումներին զուգահեռ մեր արժեհամակարգի, ապրելակերպի վարքագծային փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի ունենանք առողջ սերունդ: Այդ ուղղությամբ աշխատանքները նաև այսօր են կատարվում:
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն ու խթանումը դրա վառ ապացույցն է: Ճիշտ սննդակարգի պահպանում, ֆիզիկական ակտիվություն, վնասակար սովորույթներից հրաժարում. այս քայլերն էլ ակնկալում ենք քաղաքացուց, որին զուգահեռ պացիենտների համար ապահովելու ենք մշտապես գործուն, զարգացող, վստահելի առողջապահության համակարգ՝ որակյալ, բանիմաց մասնագետներով համալրված:
Առողջապահությունը քաղաքացու համար պետք է դառնա առավել վստահելի և հասանելի, ինչն էլ փորձելու ենք ունենալ ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում: 23-ից սկսելու ենք գործուն քայլերով ներդնել այս համակարգը՝ շարունակելով, իհարկե, 22-ի առաջնահերթությունները:
-Ձեր ղեկավարած գերատեսչությունը 2022 թվականին զերծ չմնաց նաև քաղաքական սադրանքներից։ Որպես քաղաքական թիմի անդամ՝ ի՞նչ եք կարծում՝ 2023-ը քաղաքական առումով ակտի՞վ է լինելու, և ի՞նչ կասեք ձեր ընդդիմախոսներին։
-Չնայած բոլոր մարտահրավերներին՝ շարժվելու ենք առաջ, լուծում ենք տալու մեր առջև դրված բոլոր խնդիրներին: Մենք մեր աշխատանքն ենք անում:
- Ինչպե՞ս, որտե՞ղ և ու՞մ ընկերակցությամբ եք սիրում նշել Ամանորը։
-Ընտանիքիս անդամների հետ, ջերմ մթնոլորտում:
-Հասցնում ե՞ք խոհանոցում լինել, և կա՞ ճաշատեսակ, որը շատ եք սիրում և ինքներդ էլ պատրաստում եք։
-Սիրում եմ խոհանոցը, սակայն, աշխատանքի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ հիմա այդքան էլ չեմ կարողանում ժամանակ տրամադրել տնային գործերին:
-Ո՞րն է Ձեր մաղթանքը մեր հայրենակիցներին՝ Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ։
-Իհարկե, խաղաղություն ու առողջություն եմ մաղթում առաջին հերթին, առաջընթացի տարի լինի, որ անշեղորեն իրականացնենք մեր ծրագրերը և հաջողություններ տոնելու բազում առիթներ ունենանք:
Հայկ Մագոյան